2013թ. Հայաստանում մարդու իրավունքների մասին խոսելը դարձել է իռացիոնալ. Ա. Սաքունց. քննարկում
12:04, December 19, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱնցնող 2013-ի ընթացքում Հայաստանում խոսել այն մասին, թե մարդու իրավունքների մասով իրավիճակը լավացե՞լ է, թե վատացել, անիմաստ է, որովհետև այս տարվանից արդեն իռացիոնալ զբաղմունք է մեր երկրում մարդու իրավունքների մասին առհասարակ խոսելը:
Այս մասին այսօր՝ մի խումբ իրավապաշտպանների մասնակցությամբ «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2013» թեմատիկ քննարկմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Այսինքն՝ մարդկանց մոտ հույսը, որ ինչ-որ բան կփոխվի, դա էլ են խլել և մարդկանց մղում են դեպի հուսալքության, իրավական դաշտից մղում են դեպի վրեժխնդրության դաշտը»,-ասաց իրավապաշտպանը:
Ասվածի լավագույն օրինակ նա համարեց ծայրահեղ, վերջին, հուսահատական միջոցին՝ քաղաքացիական ապստամբությանը դիմած Շանթ Հարությունյանին և մյուս 13 անձանց, որոնց Հայաստանը ունեցավ որպես «քաղբանտարկյալների նոր խմբաքանակ»:
«Պետք է խոսել Սերժ Սարգսյանի և իր հպատակների կողմից ոչ թե քաղաքական կամքի բացակայութան, այլ ցինիզմի մասին, որովհետև նման վիճակ Հայաստանում երբևէ չենք ունեցել: Ռոբերտ Քոչարյանը գոնե արտահայտվում էր՝ արդյոք տղամարդ կա՞, չկա. այս մարդը ընդհանրապես թքած ունի»,-ասաց Արթուր Սաքունցը և հավելեց, որ իրավիճակը չփրկեցին անգամ «Վովայի հրեշտակները», որոնք, նրա պատկերավոր ներկայացմամբ՝ մնացին օդում կախված՝ «չօգտագործված հրեշտակներ»:
Որպես իշխանությունների կողմից «ցինիզմի բարձրագույն օրինակ» Վանաձորի ՀՔԱ գրասենյակի նախագահը ներկայացրեց «Լիսկայի որդու կալանքից ազատումը» և «բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը»:
«Եվ խոսուն փաստ է, որ այդքանից հետո Պաշտպանության նախարարության «հայրենասեր» գեներալները ծպտուն չեն հանում, այն դեպքում, երբ այս կառույցն իբր հանդիսանում է պետության պահպանության երաշխավոր»,-հայտարարեց նա:
«Հանուն իրավունքի» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը, ով հիմնականում զբաղվում է բանակում զինվորների մահվան դեպքերի և այլ հանցագործությունների բացահայտմամբ, արձանագրեց, որ այդ դեպքերը շարունակվում են, իսկ դատարաններում և նախաքննության կողմից իրականացվում են վկաների նկատմամբ ճնշումներ:
«Նախաքննության ընթացքում վկաներին ամիսներով պահում են Ռազմական ոստիկանությունում: Հետո, երբ վկան հայտարարում է, որ իր նկատմամբ ճնշումներ են իրականացվել , հենց դատարանում մեղադրողը կարող է սպառնալ վկային, ով փորձում է օբյեկտիվ ցուցմունքներ տալ»,-հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը:
Նա բերեց մի օրինակ, երբ որպես իրավապաշտպան կազմակերպություն, ոչինչ չեն կարողացել անել, որպեսզի նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանությունը վկային չկարողանա «բերման ենթարկել», ինչպես նշել էին Ոստիկանությունից:
Վկան, ի վերջո, գնացել է, և Ժաննա Ալեքսանյանը ենթադրում է, որ ցանկալի ցուցմունքներ տվել է: «Քննություն իսպառ չի կատարվում, ինչ-որ վարկած են մտածում ու դրա շուրջ քննությունը կատարում են»,-ներկայացրեց իրավապաշտպանը:
Նա ուշադրություն հրավիրեց Վերաքննիչ դատարանում քննվող «քիմիկոսների գործի» վրա, երբ 9 տարեց մարդիկ՝ գիտնականներ, դատարանում հայտարարել են իրենց նկատմամբ խոշտանգումների՝ ընդհուպ մինչև էլեկտրաշոկի կիրառման մասին, և դատարանը «զրո» ուշադրություն է դարձրել:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ տարեց տարի մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ որևէ փոփոխությունների մասին խոսք չի լինում. մի տարի վիճակը համեմատաբար լավ է լինում, մի տարի՝ ավելի վատ:
Եվ այս մասին են վկայում թե՛ իրենց՝ իրավապաշտպանների մշտական քննարկումները, թե՛ միջազգային իրավապաշտպանների ամենամյա զեկույցները, այդ թվում՝ ընտրությունների մասով:
«Հիմնական ցուցումն այն է, որ այդ խնդիրները լուծելու համար քաղաքական կամք է պետք»,-ասաց Ավետիք Իշխանյանը, սակայն նշեց, որ ստեղծված պատկերը համարում է ոչ թե քաղաքական կամքի բացակայության, այլ՝ քաղաքական համակարգի արդյունք:
Նա նշեց, որ այս ամենին նպաստում է ՀՀ Սահմանադրությունը, որ «հրեշտակի կանխավարկած է» տվել ՀՀ նախագահին և պետական պաշտոնյաների: Իրավապաշտպանի բնութագրմամբ՝ «հրեշտակի այդ կանխավարկածով» պաշտոնյաները իրավախախտ զավակ չունեն, բիզնեսով չեն զբաղվում և այլն:
2013 թ. լավ չի եղել վիճակը նաև լրագրողների իրավունքների խախտումների առումով, և սրա պատճառը «Խոսքի իրավունքի պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանում անցկացվել են երկու ընտրություններ՝ նախագահական և Երևանի ավագանու:
Ընտրությունների ժամանակ, ըստ Աշոտ Մելիքյանի, լարվում է քաղաքական մթնոլորտը, արդյունքում՝ ուժեղանում են «գրոհներն ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների»:
«Արժե անդրադառնալ նրան, որ Հայաստանում կա պնակալեզների ստվար մի զանգված, որը խմբերի բաժանված՝ ապահովում է իշխող կուսակցության կամ թեկնածուի հաղթանակը, և իրենց մեջ պայքար է գնում, թե ով շատ ձայներ կապահովի և նաև՝ ավելի շատ լրագրողների կճնշի»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Ներկայումս ամփոփվում է կազմակերպության զեկույցը լրագրողների դեմ բռնության դեպքերի վերաբերյալ, այդ իսկ պատճառով Աշոտ Մելիքյանը թվեր չհրապարակեց, սակայն նշեց, որ միայն այս տարվա ինը ամիսների ընթացքում այդ դեպքերը շատ ավելի շատ են, քան նախորդ ողջ տարվա ընթացքում:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/12/19/hrights/
Այս մասին՝ http://www.aravot.am/2013/12/19/416234/
http://www.panorama.am/am/law/2013/12/19/saqunc/#.UrK5MMlalb8.facebook
http://www.panorama.am/am/law/2013/12/19/saqunc/