21-րդ դարում՝ ինչպես Սովետական միությունում
13:32, November 16, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | ՈստիկանությունՇանթ Հարությունյանին առաջիկայում կտեղափոխեն հոգեբուժարան դատահոգեբուժական փորձաքննության անցնելու համար:
Ըստ ընթացակարգի, նախաքննական մարմինը պետք է միջնորդություն ներկայացնի դատարանին` մեղադրյալի ստացիոնար հոգեբուժական փորձաքննության դեպքում հիվանդանոցում տեղավորելու համար: Շանթ Հարությունյանի նկատմամբ նման փորձաքննություն մեկ անգամ արդեն կիրառվել է մարտի 1-ի դեպքերից հետո:
Վերջերս նրան տեսակցած իրավապաշտպան Արթուր Սաքունը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախաքննական մարմնի նման փորձաքննություն նշանակելու միջնորդությունն անհիմն է, քանի որ Շանթը հոգեկան խնդիրներ չունի: Նրան փորձում են դատել բացառապես քաղաքական հայացքների համար:
«Սա Շանթի քաղաքական հայացքների համար հետապնդում է, որովհետեւ ինքը լիովին գիտակցել է, թե ինչ է արել: Դա հոգեկան առողջության հետ ընդհանրապես կապ չունի: Ես գտնում եմ, որ Շանթ Հարությունյանը լրիվ գիտակից վիճակում է, եւ այն, ինչ հիմա կատարվում է, ապօրինություն է: Դրանով փորձ է արվում նրա քաղաքական անհնազանդությունը որակել հոգեկան խանգարում ունեցող անձի քայլ:
Մեկ էլ Սովետական Միության ժամանակ էին դիսիդենտներին ուղարկում հոգեբուժարաններ»,- կարծիք հայտնեց Արթուր Սաքունցը: Ի դեպ, վերջինիս աջակցությամբ Շանթ Հարությունյանի գործով փաստաբան է ներգրավվել` Ինեսա Պետրոսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ քննիչին արդեն տեղյակ է պահել իր մասնակցության մասին եւ երկուշաբթի պետք է հանդիպի Շանթ Հարությունյանին, ստանա վերջինիս համաձայնությունը՝ իր շահերը ներկայացնելու համար:
Փաստաբանը հրաժարվեց պատասխանել եւ առհասարակ գնահատական տալ կատարվածի հետ կապված հարցերին` պատճառաբանելով, որ դեռ պետք է ծանոթանա գործին, որոշ փաստաթղթերի եւ դրանից հետո նոր միայն կկարողանա գնահատական տալ:
Նշենք, որ Շանթ Հարությունյանն այս պահին գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Աղբյուրը՝ http://hraparak.am/news/view/43933.html