«Խոշտանգում» հանցակազմը նոր սահմանմամբ. օրենքի նախագծի հետքերով
12:25, January 21, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՔաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավաբանների կողմից բազմիցս է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքով «Խոշտանգում» հանցակազմի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային անհամապատասխանության և օրենսդրական փոփոխությունների և լրացումների անհրաժեշտության խնդիրը:
Այս խնդրի վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Իսկ ս.թ. սեպտեմբերին Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի կատարման մասին վերլուծության և ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն ներկայացված Տեղեկանքի շրջանակներում նաև արձանագրվել է այս խնդրի լուծման անհրաժեշտությունը, որպես վճռի ամբողջական կատարման անհրաժեշտ պայման և ՀՀ-ում խոշտանգումների դեմ պայքարի քաղաքականության կարևորագույն տարր: ՀՀ արդարադատության նախարարության կողմից վերոնշյալ տեղեկանքի վերաբերյալ ներկայացված պատասխանի մեջ նշվել էր, որ արդեն իսկ մշակվել էր Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով հիմնովին կփոխվեր խոշտանգման հանցակազմը սահմանող հոդվածը` ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածին համապատասխանեցնելու նպատակով:
Հաշվի առնելով, որ նշված օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության կայքէջի «Իրավական ակտերի նախագծեր» բաժնում կամ այլ աղբյուրներում գտնելու բոլոր ջանքերը ապարդյուն էին, նախագիծը ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցումով դիմեց ՀՀ Արդարադատության նախարարություն:
Ի պատասխան տեղեկատվության հարցմանը ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ վերոնշյալ օրենքի նախագծի` շահագրգիռ մարմինների հետ քննարկման արդյունքում լրամշակված տարբերակն ուղարկվել է ՀՀ կառավարության հաստատմանը:
Կարևորելով ոչ միայն շահագրգիռ մարմինների, այլ նաև շահագրգիռ անձանց և կազմակերպությունների մասնակցությունը օրենսդրական փոփոխությունների և լրացումների մշակման ընթացքում, որպես ժողովրդավարության կարևոր տարր, գտնում ենք որ նախագիծը անհրաժեշտ է ներկայացնել նաև հանրային քննարկման, ինչպես նաև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրված օրենքի նախագիծը: