Հայաստանին 50 հազար եվրոյի վնաս տվողների պաշտոնները բարձրացրել են
15:42, March 21, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրկու օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մատաղիսի գործով կայացրեց վճիռ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է 50 հազար եվրո վճարել Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Մատաղիս զորամասի այս երեք ժամկետային զինծառայողները տարիներ շարունակ՝ 2004 թվականից սկսած դատական քաշքշուկների մեջ էին, 3 տարի շարունակ անտեղի ազատազրկվեցին, քանի որ այս զորամասում տեղի ունեցած երկու զինծառայողների սպանությունը բարդել էին նրանց վրա՝ ենթարկելով դաժան ծեծի, խոշտանգումների: Տղաներն անմեղ ճանաչվեցին 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Եվրոպական դատարան նրանց ներկայացրած գանգատը, որը կոչվում էր «Զալյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» բավարարվել է մասնակի. Եվրադատարանը թեեւ ապացույցների անբավարարության պատճառով չի հայտնաբերել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի արգելման մասով, սակայն արձանագրել է, որ խախտում է տեղի ունեցել խոշտանգման ենթարկվելու վերաբերյալ բողոքների արդյունավետ քննության պահանջի մասով:
Aravot.am-ի հետ զրույցում Արայիկ Զալյանն ասաց, որ այս վճիռը իրենց հնարավորություն կտա նոր վարույթ, վերանայման վարույթ հարուցելու: «Երբ որ մենք վիճարկում էինք մեր նկատմամբ խոշտանգումների ենթարկելու փաստերը, ստացանք մերժում եւ դիմեցինք Եվրոպական դատարան: Իսկ Եվրոպական դատարանն իր վճռով անդրադարձավ այն հանգամանքին, որ պետությունը պատշաճ քննություն չի կատարել հանգամանքները պարզելու ուղղությամբ, իսկ կոնկրետ այս վճռից հետո Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է քննություն իրականացնել խոշտանգումների փաստի ուղղությամբ: Եվ ոչ թե 50 հազար կամ 100 հազար եվրոյի բավարարումը կամ բարոյական վնասի փոխհատուցումը կբավարարի մեզ, այլ կոնկրետ այն անձանց պատասխանատվությունը, որոնց անօրինական գործողությունների արդյունքում մենք այդքան տարիներ ազատությունից զրկվեցինք եւ մեր նկատմամբ կիրառվեց խոշտանգում ու այդ վատ վերաբերմունքը», ասաց Արայիկ Զալյանը: Մենք խնդրեցինք Արայիկ Զալյանին թվարկել այս գործով անօրինականություններ թույլ տված անձանց անուն-ազգանունները: «Սկսենք քննչական խմբից՝ Արմեն Հակոբյանն էր, ներկայիս հանրապետության ճանապարհային ոստիկանության պետը, Սամվել Տոնոյան՝ քննչական խմբի անդամ, քննչական խմբի մեջ կային նաեւ այլ անդամներ, որոնց անուն-ազգանունները չեն տպավորվել, ինչու չէ նաեւ դատավորներ, դատախազներ: Գագիկ Ջհանգիրյանը, որը որ անմիջական վերահսկողություն էր իրականացնում այդ քննության նկատմամբ, տվյալ ժամանակահատվածում հանդիսանում էր զինվորական գլխավոր դատախազը, Մհեր Արղամանյան՝ վերաքննիչ դատարանի դատավոր, որը մեր բողոքների հիման վրա մեզ ցմահ ազատազրկման դատապարտեց: Պաշտոնատար անձանց հետ կապված կուզենայի մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ ծառայություններ մատուցողները ոչ թե ենթարկվում են պատասխանատվության, այլ խրախուսվում են՝ բարձրացնելով նրանց զբաղեցրած պաշտոնները:Կոնկրետ եթե նայենք, տեսնենք մեր գործով տվյալ անձինք ինչ պաշտոններ են զբաղեցրել Տոնոյան Սամվել կամ Հակոբյան Արմեն, երեւի թե պետությանը հարկավոր են նման ծառայություններ մատուցողներ, դրա համար իրենք ավելի բարձրացնում են նմանատիպ պաշտոնյաների պաշտոնները»,- ասում է Արայիկ Զալյանը:
Նշենք, որ տղաներից մեկի՝ Ռազմիկ Սարգսյանի երիտասարդ մայրը՝տիկին Ջուլիետան, այս ծանր հոգեապրումներից մահացավ: Արայիկ Զալյանը հիշեցրեց, որ նա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նսիտերի ժամանակ ուշագնաց էր լինում, հաճախակի էր շտապօգնություն գալիս: Արայիկ Զալյանն ասաց, որ յուրաքանչյուրն այս տարիների ընթացքում կորցրեց թե՛ առողջությունը, թե՛ ֆինանսական ռեսուրսները: