Մարդու իրավունքները պաշտպանում ենք արդեն 19 տարի
14:15, March 21, 2017 | Հայտարարություններ, Սեփական1998 թ. մարտի 21-ին հիմնադրվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ որպես Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ:
Ավելի ուշ՝ 2001 թ. ապրիլի 9-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դարձավ ինքնուրույն հասարական կազմակերպություն:
Իր գործունեության 19 տարիների ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավատարիմ է մնացել իր որդեգրած արժեքներին՝ տեսլականում ունենալով մարդու արժանապատվության, ժողովրդավարության և խաղաղության գերակա արժեքներով հասարակության ձեւավորումը:
Վանաձորում տեղակայված գրասենյակի և 2013-ից արդեն Երևանում ներկայացուցչության միջոցով Կազմակերպությունը տարեկան 800-ից ավելի քաղաքացու տրամադրում է անվճար իրավական աջակցություն՝ մշտադիտարկելով մարդու իրավունքների վիճակը զինված ուժերում, ոստիկան-քաղաքացի հարաբերություններում, նյարդահոգեբուժական և նարկոլոգիական բուժհաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում և այլ փակ և կիսափակ հաստատություններում, հանդես է գալիս այլընտրանքային զեկույցներով, հրատապ հայտարարություններով, անհապաղ արձագանքում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում:
Այսօր մարդու իրավունքների պաշտպանության առջև լրջագույն մարտահրավերներ են ծառացած, և այս իրավիճակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է համագործակցությունը տեղական և միջազգային գործընկերների հետ՝ կանխարգելելու ոտնձգությունները իրավապաշտպանական գործունեության նկատմամբ և Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության սպառնալիքները դիմագրավելու, ժողովրդավարության գործընթացներն անդարձելի դարձնելու և առկա մարտահրավերները կանխելու ուղղություններով: