ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց զինծառայող Գ. Խաչատրյանի մահվան գործով ներկայացված բողոքը
18:35, April 21, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Գրիշա Խաչատրյան2016 թ. ապրիլի 20-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ս. Չիչոյանի, շարունակվեց զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. փետրվարի 18-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին բողոքաբեր կողմը ներկայացրել էր բողոքի հիմնավորումները, և դատական նիստը հետաձգվել էր վարույթն իրականացրած մարմնի բացակայության պատճառով:
Բողոքի քննությանը մասնակցում էին տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը, վարույթն իրականացրած ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Եղոյանը և կայազորի զինվորական դատախազի տեղակալ Անուշավան Հարությունյանը:
Դատական նիստի ընթացքում բողոքի վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացրեցին Լ. Եղոյանը և Ա. Հարությունյանը: Վարույթ իրականացրած Լ. Եղոյանը հայտնեց, որ չնայած քրեական գործի վարույթը հարուցվել է սպանության հատկանիշներով, նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձել երեք վարկածներ, արդյունքում չի հիմնավորվել Գ. Խաչատրյանի կողմից ինքնասպանություն կատարելու վարկածը, չի հիմնավորվել նաև սպանության վարկածը, հիմնավորվել է զենքի հետ կանոնները խախտելու արդյունքում անզգուշությամբ մահ պատճառելու վարկածը:
Նախագահող դատավորի հարցերին ի պատասխան՝ Լ. Եղոյանը նշեց, որ Գ. Խաչատրյանը դիտակետում եղել է մենակ, մեկ այլ զինծառայող Մ. Հարությունյանը եղել է մոտ 30 մետր հեռավորության վրա, և ըստ նյութերով ձեռք բերված տվյալների՝ վերջինս դեպքից հետո լիարժեք չի լվացվել, նաև հագուստների վրա անտիմոն մետաղացման հետքեր չեն հայտնաբերվել: Բացի դրանից՝ նշեց, որ Գ. Խաչատրյանի ափից վերցված հետքերում անտիմոն մետաղացման հետքերը գերազանցել են սահմանված շեմը: Լ. Եղոյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում կատարված հետևությունները բխել են նաև դեպքի վայրի առանձնահատկություններից: Այսպիսով՝ նա գտավ, որ բողոքը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:
Գործով վերահսկող դատախազ Ա. Հարությունյանը նույնպես առարկեց բողոքի դեմ, նշեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ընթացել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, իսկ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումը հիմնավոր է և ենթակա չէ վերացման:
Դատարանը, ճշտելով լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտության բացակայությունը, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Կարճ ժամանակ անց հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց ներկայացված բողոքը՝ օրինական ուժի մեջ թողմնելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը:
Տես նաև՝ epress.am