Դատարանը բավարարեց Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքը
18:59, May 21, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. մայիսի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Հ. Տեր-Ադամյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալներ Միքայել Միքայելյանը և Մինաս Մկրտչյանը, նրանց պաշտպաններ Վարդուհի Էլբակյանը և Լևոն Պողոսյանը, ինչպես նաև մեղադրող Անահիտ Եղիազարյանը:
Տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը չէին ներկայացել դատական նիստին:
Նախագահող դատավոր Մ. Տեր-Ադամյանը հայտնեց, որ նախորդ դատական նիստին Մ. Շուշանյանը զգուշացրել էր դատական նիստին չներկայանալու մասին և խնդրել նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատավարության կողմերը չառարկեցին, և դատարանը որոշեց դատական նիստը շարունակել տուժող կողմի բացակայությամբ:
Դատարանը, պարզելով դատաքննությունը լրացնելու համար ապացույցներ ներկայացնելու միջնորդությունների բացակայությունը, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Մոտ 30 րոպե անց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը: Մասնավորապես, դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-395-րդ, 397-րդ, 399-րդ հոդվածներով, որոշեց բավարարել տուժողի իրավահաջորդ Մուշեղ Շուշանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, բեկանել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Միաժամանակ, նախագահող դատավոր Մ. Տեր-Ադամյանը նշեց, որ սույն գործով իր կողմից հատուկ կարծիք է արտահայտվել, որը որոշման հետ կուղարկվի դատավարության մասնակիցներին: