Անձը իրավունք ունի ծանոթանալու քննչական մարմիններում իր իրավունքներին առնչվող նախապատրաստված նյութերին. դատարանի որոշումը
19:17, June 21, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. մայիսի 22-ի որոշմամբ պարտավորեցրել է ՀՀ ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանին, որ վերջինս հնարավորություն տա Երևանի բնակիչ Խ. Մելքոնյանին իր իրավունքներին առնչվող նախապատրաստված նյութերին ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում դրանք պատճենելու:
Նյութերը նախապատրաստվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել էր գրասենյակ դիմած Խ. Մելքոնյանի իրավունքների պաշտպանության նպատակով:
Երևանի քաղաքապետը 2002 թ. հոկտեմբերի 10-ին Երևանի բնակիչներ Խ. Մելքոնյանին ու Մ. Պապոյանին Հյուսիսային պողոտայի օտարման տարածքում գտնվող նրանց տարածքի փոխարեն Թումանյան փողոցում վարձակալությամբ տարածք տրամադրելու որոշում է կայացրել, սակայն վարձակալության պայմանագիր այդպես էլ չի կնքել:
Բնակիչները որոշել են դատական կարգով վերականգնել իրենց իրավունքները և դիմել են վարչական դատարան: Վարչական դատարանը 2008 թ. հուլիսի 30-ի վճռով Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է կատարել վերոնշյալ որոշումն ու վարձակալության պայմանագիր կնքել բնակչի հետ: Վճիռը ներկայացվել է հարկադիր կատարման, սակայն հարկադիր կատարողները չեն իրականացրել այն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմելուց հետո Կազմակերպությունը դատարանի վճիռը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանը նյութեր նախապատրաստելուց հետո 2017 թ. դեկտեմբերի 4-ին որոշել է քրեական գործ չհարուցել՝ հարկադիր կատարողների արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ավելի ուշ մերժել է իր իրավունքներին առնչվող նյութերին ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում դրանք պատճենելու՝ Խ. Մելքոնյանի դիմումը՝ պատճառաբանելով, թե նման ընթացակարգ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով չկա:
Այնինչ, բացի նրանից, որ նախապատրաստված նյութերը առնչվում են Խ. Մելքոնյանի իրավունքներին, վերջինս նաև բացատրություն է տվել հետաքննության ընթացքում և նյութերին ծանոթանալու դիմում է ներկայացրել «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, որով այս բնույթի նյութերին ծանոթանալու սահմանափակում չի դրվում:
Խ. Մելքոնյանը նյութերին ծանոթանալու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ 2018 թ. փետրվարի 8-ին բողոք է ներկայացրել դատարան:
Բողքոը հիմնավորվել է նրանով, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով ու ՀՀ օրենսդրությամբ անձը իրավունք ունի բողոքարկելու իր իրավունքներին առնչվող որոշումները, ինչը ենթադրում է, որ նա իրավունք պետք է ունենա ծանոթանալու դրա հիմքում ընկած փաստերին:
Այսինքն՝ սրանով խախտվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. մայիսի 22-ի որոշմամբ փաստել է, որ «քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը անմիջականորեն առնչվում է Խ. Մելքոնյանի իրավունքներին ու օրինական շահերին, վերջինս պետք է հնարավորություն ունենա ամբողջ ծավալով ծանոթանալու նախապատրաստված նյութերին և անհրաժեշտության դեպքում ստանալու դրանց պատճենները»:
Ավելի վաղ՝ 2018թ. ապրիլի 3-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Խ. Մելքոնյանի ու Մ. Պապոյանի բողոքն ու վերացրել էր քրեական գործի հարուցումը մերժելու՝ քննիչ Խ. Մեջլումյանի 2017 թ. դեկտեմբերի 4-ի որոշումը: