Ազատամարտիկի սպանությունը խոսում է անպատժելիության մթնոլորտի մասին. կարծիքներ
09:56, July 21, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրևանի Նոր Նորք թաղամասում գիշերային ակումբի անվտանգության աշխատողների կողմից ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու դեպքը շարունակությունն է Հայաստանում առկա անպատժելիության մթնոլորտի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Առաջին հերթին դա շարունակությունն է ՀՀ-ում գոյություն ունեցող անպատժելիության, որն արդեն ունի համակարգային բնույթ՝ կատարել հանցագործություն անձի նկատմամբ, սպանել, թալանել, կորզել և մնալ անպատիժ»,-ասաց նա:
Զուգահեռներ անցկացնելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում նույնպես ծեծի հետևանքով ռազմական բժիշկ, սպա Վահե Ավետյանի սպանության միջև՝ իրավապաշտպանը նկատեց, որ դրանք վերը նշված համակարգի տրամաբանական դրսևորումներն են, որոնք, ցավոք սրտի, օրինաչափություն են դարձել. ««Բեսպրեդելը» դարձել է հիմնական վարվելակերպ, և նրանք, ովքեր ինչ-որ հովանավորություն ունեն իշխանական համակարգում կամ բիզնես օղակների կողմից, նման վարքագիծ են դրսևորում»:
Արթուր Սաքունցի խոսքով՝ չկա որևէ բարոյական, իրավական արգելք, որը կկանգնեցնի այդ մթնոլորտի դրսևորումներին: Առանձին հանրույթներ են, որոնք ժամանակ առ ժամանակ արձագանքում են այդ դեպքերին, սակայն բացառիկ դեպքերում են արդյունքների հասնում:
«Հայաստանում այսօր միակ ապրելու ձևը փորձում են հրամցնել իշխանության հպատակը դառնալու ձևի մեջ»,-եզրափակեց նա:
Ռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը, ով մշտապես մասնակցել է Հարսնաքարի գործով արդարություն պահանջող ակցիաները, նույնպես նկատեց, որ անպատժելիության մթնոլորն իրականություն է, ինչը ազատամարտիկին ծեծելով սպանելու դեպքով չէ, որ սկսվել է։
«Դա սկսել է դեռ պատերազմի տարիներին, երբ անհրաժեշտ եղավ փոխել համակարգը, երբ մարդիկ, ովքեր արդեն վտանգ էին ներկայացնում ապագա իշխանական ծրագրերին: Նման բան տեղի ունեցավ Վոլոդյա Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի հետ, Արտակ Բուդաղյանի դեպքը չմոռանանք»,– ասաց նա:
Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ դա մի շղթա է, որով ապացուցվեց, թե ով է երկրում տերը, ով է իրական հեղինակությունը, ով է պաշտպանված և ով է անպաշտպան քաղաքացին:
«Սա զավեշտալի է, որովհետև մենք կանգնած ենք մեծագույն մարտահրավերների և պատերազմի վտանգի առաջ, իսկ թե ով է պաշտպանելու մեր երկիրը, արդեն ողբերգական հարց է, որովհետև մեր երիտասարդները տեսնում են այդ ամենը»,-ասաց նա և ավելացրեց. «Այս դեպքը ևս ես համարում եմ նույնը, սա փաստորեն չհայտարարված ծրագիր է, սա էլ է արտագաղթին միտված: Անպատժելիությունն ամենածանր բանն է»:
Հարցին, թե արդյո՞ք հասարակական հնչեղություն կստանա այդ դեպքը, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Հասարակությունն այսուհետ կարձագանքի ոչ թե այս կամ այն դեպքին, այլ կարձագանքի ամբողջ իշխանական համակարգին: Մի՛ մոռացեք, որ մեր երկրում հիմա իշխանության է եկել մի վաճառականների դաս, որը պատերազմի տարիներին կամ կեղծ կոճակ էր լցնում, ինչպես վարչապետը կամ ներքնազգեստի արտադրությամբ էր զբաղված: Եվ պարզ է, որ սեփական ոչնչությունն արդարացնելու համար պետք է այդպիսի իրավիճակ ստեղծեն»:
Տիգրան Խզմալյանը նաև ընդգծեց, որ ազատամարտիկները հիմա շատ են խանգարում իշխանություններին, անընդհատ ոտքի տակ են ընկնում:
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով նույնպես ակտիվ մասնակցություն է ցուցաբերել հանրային հնչեղություն ստացած իրավիճակներին, մեզ հետ զրույցում ասաց. «Ցանկացած քաղաքացու նկատմամբ բռնությունը պետք է դատապարտվի, այս պարագայում չեմ ուզում զուգահեռներ անցկացնել այս դեպքի և Վահե Ավետյանի սպանության միջև, բայց սա խոսում է անպատժելիության և ամենաթողության մթնոլորտի մասին: Ե՛վ Վահե Ավետյանի, և՛ այս դեպքում գործ ունենք անպատժելիության մթնոլորտի հետ, Վահե Ավետյանի դեպքում իշխանական հովանավորչություն կա, այս դեպքում խուլիգանություն է տեղի ունեցել»:
Նա ազատամարտիկի հետ կապված դեպքը կապեց երկրում տիրող ընդհանուր իրավիճակի հետ՝ ավելացնելով, որ եթե նման դեպքերում լինեն լուրջ պատիժներ, դեպքերը կքչանան. «Բայց մենք գիտենք, որ թաղային հեղինակությունները իշխանությունների հենարանն են»:
Ինչ վերաբերում է հանրության արձագանքին, երիտասարդ կուսակցականը նկատեց, որ շատ դեպքեր են եղել, որ հասարակության մոտ նույն արձագանքը չի եղել, բայց եթե որևէ բան լինի, ինքն իր խոսքը կասի: «Վահե Ավետյանի սպանությունից հետո էլ եղել է ինքնաբուխ բողոք, ես էլ իմ մասնակցությունն եմ ունեցել և հիմա էլ պատրաստվում եմ նույնն անել»,- եզրափակեց նա:
Աղբյուրը՝ www.tert.am