Սեռական շահագործում եւ «կեղտոտ աշխատանք». նույնասեռական դատապարտյալները «դժոխքում» են ապրում
18:19, July 21, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Զոնի հայաթում 12 տեղանոց զուգարան կա, ըտեղ ամեն օր սեքս էին անում, նույնասեռականներին զոռով մտցնում էին զուգարան ու …»,- 31-ամյա Գոռը անցած տարի է դուրս եկել կալանավայրից, հիշողությունները դեռ թարմ են:
Գոռը (անունը փոխված է) նույնասեռական է: Կալանավայրում բոլորը տեղյակ են եղել երիտասարդի սեռական կողմնորոշման մասին:
«Մարդկանց թվում ա, եթե դու նույնասեռական ես, ուրեմն ինչ տղա գա, պիտի հետը սեքս անես, բայց ես ընդամենը մի հոգու հետ եմ կապված եղել, 9 ամիս ա տեւել մեր կապը, ուրիշի հետ սեքս չեմ արել, չնայած շատ են ստիպել…»,- պատմում է Գոռը:
Տղան մեծացել է Երեւանի մանկատներից մեկում, հետագայում որդեգրվել է Շիրակի մարզում ապրող ընտանիքի կողմից: Չափահաս դառնալուց հետո Գոռը մեկնել է Թուրքիա, որտեղ աշխատել է որպես մատուցող:
2007 թ. Հայաստան վերադառնալուց հետո նա դատապարտվել է 7 տարի ազատազրկման՝ սպանություն եւ գողություն անելու մեղադրանքով: Գոռի խոսքով՝ ինքը հանցագործ չէ, իր «գլխին սարքել են», քանի որ տեղյակ են եղել սեռական կողմնորոշման մասին:
«Իմ կյանքը չստացվեց…ես չգիտեմ, իմ իսկական ծնողներն ովքեր են, անձնական կյանքս սենց դասավորվեց, հետո անիմաստ տեղը 7 տարի նստեցի…մեկ-մեկ որ հիշում եմ, քիչ ա մնում թոկը գցեմ վզիս ու կախվեմ…»,- ասում է Գոռը:
Երիտասարդը 7 տարիների ընթացքում հասցրել է լինել մի քանի կալանավայրերում՝ Արթիկ, Սեւան, Կոշ, Նուբարաշեն: Գոռի խոսքով՝ նույնասեռականների նկատմամբ վերաբերմունքը բոլոր կալանավայրերում գրեթե նույնն է. եթե նույնասեռական ես, պիտի պատրաստ լինես ամենադաժան վերաբերմունքի եւ ստորացումների:
«Ինձ ուզել են ստիպեն, որ զուգարան մաքրեմ, բայց ես չեմ մաքրել, դրա համար ինձ ծեծել են, հետո զանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, էնտեղից եկել են, դրանից հետո ինձ էլ բան ասող չկար»,- պատմում է Գոռը:
Կալանավայրերում նույնասեռականներին առանձին խուց են հատկացնում՝ նրանց իսկ անվտանգության համար, թեեւ դա էլ դատապարտյալներին չի երաշխավորում սեռական բռնությունից եւ շահագործումից.
«Զոնի «լավ տղերքը» կալանավայրի աշխատողին 1000-2000 դրամ են տալիս, որ նույնասեռականներից մեկին բերեն իրենց խուց, եթե չի էլ ուզում, զոռով են տանում, էդ տղուն ոնց ասես օգտագործում են, հետո նույն աշխատողը հետ ա տանում իրենց խուց: Աշխատողներն են դաբրո տալիս կալանավորներին, ասում են՝ ոնց ուզում եք, ըտենց էլ շարժվեք»,- պատմում է Գոռը:
Նրա խոսքերը հաստատում են «Նոր սերունդ» հասարակական կամակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը եւ ՀԿ-ի բազմազանության խթանման բաժնի համակարգող Արման Սահակյանը, ովքեր 2013 թվականից հանդիսանում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամ:
«Միայն նույնասեռական լինելը բավական է, որ այդ մարդկանց կալանավայրում ազատ հայհոյեն, նրանց ծնողներին հայհոյեն եւ մնան անպատիժ»,- «Մեդիալաբին» ասում է Սերգեյ Գաբրիելյանը:
Սերգեյ Գաբրիելյանի խոսքով՝ նույնասեռականներին ստիպում են զբաղվել կալանավայրում ամենաանպատվաբեր աշխատանքով՝ զուգարանների մաքրմամբ: Ընդ որում, դատապարտված նույնասեռականը ստիպված է լինում մաքրել ոչ միայն իր խցի զուգարանը, այլեւ մյուս խցերինը եւս:
«Նույնասեռականներն իրավունք չունեն օգտվեն ընդհանուր ճաշարանից, նրանց սպասքն առանձնացված է հատուկ նշաններով: Կա քրեակատարողական հիմնարկ, որտեղ հակառակն է տեղի ունեցել, քանի որ նույնասեռական անձն արդեն օգտվել է ճաշարանից, մյուսները չեն գնում այդտեղ հաց ուտելու»,- նշում է Գաբրիելյանը:
Արման Սահակյանն էլ նշում է, որ նույնասեռականների նկատմամբ խտրական վերաբերմունքն ակնհայտ է ոչ միայն քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) աշխատակիցների կողմից գործածվող հայհոյախառն պիտակներից, այլեւ նրանց կենցաղային պայմաններից.
«Նույնասեռականներին հատկացված խցերը տարբերվում են այլ խցերից, գույքը մաշված է, տաքացուցիչ չկա, սպիտակեղենները կեղտոտ են»,-«Մեդիալաբին» ասում է Սահակյանը:
Դիտորդները նշում են, որ կալանավայրում գտնվող նույնասեռականները հիմնականում խուսափում են բարձրաձայնել իրենց հետ տեղի ունեցած բռնությունների մասին, սակայն այլ նույնասեռական դատապարտյալների վերաբերյալ պատմում են զարհուրելի դեպքեր:
«Երբ մենք նույնասեռական դատապարտյալին կոչ ենք անում, որ նա բողոք ներկայացնի՝ այդպիսով փորձելով պաշտպանել իր իրավունքները, նա ասում է՝ ես չեմ ուզում, ինձ ոչինչ պետք չէ, մենակ թե դուրս գամ էս դժոխքից, նրանք օրացույց ունեն եւ օրերն են ջնջում՝ անհամբերությամբ սպասելով իրենց ազատության օրվան»,- ասում է Սերգեյ Գաբրիելյանը:
Նախկին դատապարտյալ Գոռը «Մեդիալաբին» ասում է, որ ինքը եւս չի ցանկացել բողոք ներկայացնել իր նկատմամբ բռնությունների մասին:
«Ինձ 4-5 հոգով ծեծել են, որովհետեւ ես չեմ համաձայնել սեքս անել մեկի հետ, ում չէի ուզում: Իմ տեսքից պարզ երեւում էր, որ ես ծեծված եմ, բայց ես չեմ բողոքել, ոչ էլ ինձ աշխատակիցներն են հարցրել, թե ինչ է եղել հետդ»,-պատմում է նա:
Դիտորդական խմբի փորձագետ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ կալանավայրերում նույնասեռականների նկատմամբ վերաբերմունքը չի տարբերվում հասարակությունում տիրող ընդհանուր տրամադրվածությունից:
Արժեքների համաշխարհային հետազոտության համաձայն (World Value Survey Database 2010-2014), Հայաստանում ամենաբարձր անհանդուրժողականության մակարդակը նույնասեռականների հանդեպ է ` 92.7%, երկրորդ խմբում ՁԻԱՀ ունեցողներն են` 76.9%, երրորդում` այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները` 56.6%:
«Կալանավայրերում տիրում է նույն մոդելը, որը գործում է մեր հասարակությունում, պարզապես փակ հաստատություններում դա առավել խտացված է եւ ակներեւ»,-«Մեդիալաբին» ասում է Սաքունցը:
Իրավապաշտպանը եղել է Նորվեգիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Էստոնիայի, Նիդեռլանդների եւ Միացյալ Նահանգների քրեակատարողական հիմնարկներում եւ այնտեղ նույնասեռականների նկատմամբ խտրական վերաբերմունք չի նկատել.
«Այդ հասարակություններում նույնասեռական անձինք հիմնականում խնդիրներ չունեն, այդ պատճառով էլ իրենց կալանավայրերում եւս չկա նման խնդիր»,-նշում է նա:
Արթուր Սաքունցն ականատես է եղել, թե Հայաստանի ՔԿՀ-ներից մեկում պահվող դատապարտյալի նկատմամբ ինչպիսի խտրական վերաբերմունք են ցուցաբերել.
«Կալանավորը մեխ էր կուլ տվել, սակայն նրան չէին ցանկանում տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, քանի որ հիվանդանոցում առանձին տեղ չկար, որպեսզի նրան հատկացնեին: Հետո առանձին տեղ էին պատրաստել, նոր նրան տեղափոխել են: Այսինքն՝ բուժհաստատությունում եւս այս մարդիկ առանձնացվում են մյուսներից»,-ասում է Արթուր Սաքունցը:
Քրեակատարողական հաստատություններում` նույնասեռականների հանդեպ վերաբերմունքի մասին սակայն խոսալու եւ պարզաբանումներ տալու ցանկություն չունեն պատկան մարմինները: Հունիսի սկզբից «Մեդիալաբն» առնվազն երկու անգամ գրավոր դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին` խնդրելով թույլ տալ թեմայի շուրջ հարցազրույց անցկացնել վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ներկայացուցչի հետ:
Վարչության պետի տեղակալ Արմեն Համբարձումյանը մեր դիմումին ի պատասխան հայտնել է, որ «ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինն աշխատում է գերբեռնված օրակարգով, աշխատակիցները բաժնի պետի գլխավորությամբ ուսումնասիրություններ են իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, ուստի այս պահին հարցազրույցը հնարավոր չէ իրականացնել»:
Իսկ բաժնի աշխատակից Մարինե Գասպարյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ամբողջ բաժինն այս պահին գործուղման մեջ է, որն ավարտվելու է հուլիսի վերջին: Սակայն, հուլիսին վերջին եւս «Մեդիալաբի» դիմումները մնացել են անպատասխան:
«Որքանով ՀՀ կառավարության վերաբերմունքն է փոխվել Հայաստանում նույնասեռական անձանձ նկատմամբ, այդքանով էլ բարելավվել է քրեակատարողական հիմնարկներում նույնասեռական անձանց վիճակը,- ասում է «Նոր սերունդ» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:- Քանի դեռ իշխող կուսակցության մոտ կա բացասական վերաբերմունք նույնասեռական անձանց նկատմամբ, իրավիճակը չի փոխվի: Պետք է լինի հստակ հրահանգ, որ նույնասեռականները ունեն նույն իրավունքները, ինչ բոլորը»:
Դիտորդական խումբը նախորդ տարվա տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է կալանավայրերում նույնասեռական անձանց իրավունքների պաշտպանության խնդրին. մեկ տարի անց, սակայն, իրավապաշտպանները այս ուղղությամբ որեւէ բարեփոխում չեն արձանագրել.
Առաջիկայում նախատեսվում է հրապարակել տարեկան հաշվետվությունը, որում ըստ փորձագետների, առավել ընդգրկուն անդրադարձ կլինի նույնասեռական դատապարտյալների իրավունքներին:
Սերգեյ Գաբրիելյանը վստահ է, որ իրավիճակը կարելի է փոխել երկու պայմանի միաժամանակյա առկայությամբ. իրազեկել մարդկանց, բարձրացնել նրանց իրավագիտակցությունը եւ ընդունել քաղաքական որոշում՝ նույնասեռականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Իրավապաշտպանը հիշեցնում է, որ «Հայաստանը վավերացրել է նույնասեռականների իրավունքներին վերաբերող գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերը»:
Արթուր Սաքունցը եւս վստահ է, որ քրեակատարողական հիմնարկների պետերը ցանկության դեպքում կարող են բարելավել նույնասեռական դատապարտյալների կյանքի պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Սաքունցն էլ իր հերթին հիշեցնում է, որ ՔԿՀ-ների պետերին նշանակում է անձամբ ՀՀ նախագահը:
Իրավապաշտպանները օրինակ են բերում ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը.
«Ժամանակին բոլորը շատ վատ էին վերաբերում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, սակայն իշխանությունը հստակ դիրքորոշում ցուցաբերեց եւ հասարակության մեծամասնության վերաբերմունքը փոխվեց: Այդ փոփոխությունն ակնհայտ է նաեւ ՄԻԱՎ-ով ապրող դատապարտյալների նկատմամբ: Նույնպիսի փոփոխություն կարող է լինել նույնասեռականների նկատմամբ, եթե իշխանությունները կամք դրսեւորեն»,- նշում է Սերգեյ Գաբրելյանը:
Շուրջ 10 ամիս քաղաքացիական կյանք վերադարձած Գոռը ունի աշխատանք եւ աշխատավայրում եւս չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը. «Ես ասել եմ, որ ես այսպիսինն եմ, ուզում եք՝ ինձ ընդունեք, չեք ուզում՝ դա ձեր խնդիրն է»:
Գոռը նշում է, որ ի տարբերություն կալանավայրում անցկացրած տարիների, այժմ ոչ ոք չի փորձում իր հետ ստիպողաբար սեռական հարաբերություն ունենալ.
«Մարդիկ կարող է չընդունեն ինձ, բայց ոչ մեկ օրը ցերեկով չի գա ու փորձի ինձ բռնաբարել…,-ասում է նա,-մեկ-մեկ հավատս չի գալիս, որ դուրս եմ եկել այդ դժոխքից»:
Աղբյուրը՝ medialab.am