Շարունակվում է Հրաչյա Գևորգյանի գործով դատաքննությունը
12:44, October 21, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք2014 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, շարունակվեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Հրաչյա Գևորգյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ բողոքի քննարկման շրջանակներում կայացված նախորդ դատական նիստը հետաձգվել էր դատարանի կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ հարցում կատարելու նպատակով: Հարցման պատասխանն անհրաժեշտ էր ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Ա. Մխիթարյանի կողմից Հրաչյա Գևորգյանից բացատրություն վերցնելու օրերը հստակեցնելու համար:
Սույն դատական նիստի ընթացքում դատարանը հրապարակեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Ա. Խաչատրյանի կողմից ստացված պատասխան գրությունը, որից պարզ դարձավ, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Ա. Մխիթարյանի և Հրաչյա Գևորգյանի տեսակցության օրերը համապատասխանում են գործի նյութերում առկա Հրաչյա Գևորգյանի կողմից տրված բացատրությունների օրերին: Այնուամենայնիվ, Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը պնդեց ներկայացված բողոքը և խնդրեց դատարանին վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Ա. Մխիթարյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության: Հ. Գևորգյանը հայտարարեց, որ գուցե շփոթել է տեսակցության օրերը, սակայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Ա. Գևորգյանի կողմից իրեն տեսակցելու, սպառնալիքներ հասցնելու հանգամանքներն անհերքելի են:
Իր հերթին, ՀՀ Երևան քաղաքի դատախազության ներկայացուցիչը նշեց, որ որոշումը հիմնավորված է գործի նյութերով և այն վերացնելու հիմքեր չկան: Նույնը պնդեց նաև ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի քննիչ Ա. Մաթևոսյանը, ում կողմից կայացվել է բողոքարկվող որոշումը:
Այդպիսով, դատարանը բողոքի քննությունը համարեց ավարտված, իսկ բողոքի շրջանակներում կայացված որոշումը կհրապարակվի 2014 թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 13:30-ին: