ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ՀՀ ՄԻՊ-ի 2013թ. տարեկան զեկույցի և ՀՀ ԱԺ-ում դրա քննարկումների վերաբերյալ
15:37, October 21, 2014 | Հայտարարություններ, Սեփական | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում, Քաղաքացիական վերահսկողություն2014 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովում տարեկան զեկույցով հանդես եկավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Զեկույցում ներկայացվում են ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը, խախտումները և դրանց պատճառները հանդիսացող համակարգային խնդիրները:
Կարևորում ենք ՀՀ ՄԻՊ-ի զեկույցը և նրա ներկայացումը Ազգային ժողովին, քանի որ նրանում գնահատվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:
Մասնավորապես, ՀՀ ՄԻՊ-ը իր զեկույցով արձանագրում է 2008 թ. մարտի 1-ի տասը սպանված ՀՀ քաղաքացիների գործերով մեղավորների չբացահայտման փաստը, ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների ազատ հավաքների իրավունքի իրականացման կոպիտ խախտումները, մարդու արժանապատվությունը նվաստացնող և վատ վերաբերմունքի, խոշտանգումների, բռնությունների փաստերով ոչ պատշաճ քննության վիճակը:
Առանձնապես կարևորում ենք ՀՀ ՄԻՊ-ի կողմից խտրականության դրսևորման դեպքերի արձանագրումը և դրանց կանխարգելման ուղղույթամբ իշխանությունների ոչ հետևողական և ոչ արդյունավետ գործելակերպը:
Մարդու իրավունքների վերաբերյալ այս և մյուս բոլոր հիմնախնդիրներին անդրադառնալու փոխարեն ՀՀ ԱԺ առանձին պատգամավորներ, հատկապես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, իրենց ելույթներով փոխանակ անդրադառնալու Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խիստ մտահոգիչ խնդիրներին, իրենց ելույթներով փորձեցին վարկաբեկել ՄԻՊ-ին:
Քննարկումներն ընթացան ոչ թե մարդու իրավունքների խախտումների և դրանց հանգեցնող պատճառների վերացման ուղղված քայլերի որոշման տրամաբանությամբ, այլ էժանագին և մարդու իրավունքների սկզբունքները խեղաթյուրող, վարկաբեկող ելույթներով:
Մենք դատապարտում ենք նման ելույթները և մեր աջակցությունն ենք հայտնում ՄԻՊ-ին, թեկուզ ունենալով որոշ վերապահումներ նրա որոշ դիրքորոշումների վերաբերյալ:
Գտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորը իր դիրքորոշումը պետք է ձևակերպի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների սկզբունքներին համահունչ, որի հիման վրա միայն կարող է տեղի ունենալ իրավիճակը փոփոխելուն ուղղված գործողությունների ձևակերպում:
Հակառակ պարագայում մարդու իրավունքների խախտումներին հանգեցնող պատճառները կմնան չվերացված, որը հանգեցրել է Հայաստանի Հանրապետությունում անպատժելիության և անպատասխանատվության մտածելակերպի ու գործելակերպի ձևավորմանը:
21 հոկտեմբերի 2014թ, Վանաձոր