Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հարցաքննվեցին փորձագետները
17:38, October 21, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Հայկ Խաչատրյան2014 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրանք է առաջադրված ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանին և նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանին, ովքեր անփույթ վերաբերմունք են դրսևորել ծառայության նկատմամբ, որն առաջացրել է էական վնաս, այն է՝ Հայկ Խաչատրյանի մահվան:
Սույն դատական նիստին տուժող կողմը կրկին չէր ներկայացել, իսկ փորձաքննության եզրակացության վերաբերյալ դիրքորոշումը դատարան էր ներկայացվել գրավոր: Նշված գրությամբ տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը հայտնել էին դատարանին, որ անիմաստ են գտնում դատական նիստին մասնակցել և վստահություն էին հայտնել, որ գիտականորեն չհիմնավորված եզրակացությամբ փորձագետների նպատակը գործով ամբաստանյալ բժիշկներին պաշտպանելն է: Նշված գրությամբ հայտնվել էր նաև, որ ինչպես դատաքննության արդյունքների, այնպես էլ փորձաքննության եզրակացության վերաբերյալ դիրքորոշում տուժող կողմը կներկայացնի գրավոր՝ դատական վիճաբանությունների փուլում:
2014 թ. հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովում ընդգրկված երեք փորձագետ՝ Զավեն Տեր-Ավետիքյանը, Մելանյա Շաբոյանը և Գայանե Մելիք-Անդրեասյանը:
Կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, ԵՊԲՀ ընդհանուր կրծքային ամբիոնի վարիչ, վիրաբույժ Զավեն Տեր-Ավետիքյանը հարցաքննության սկզբում իր ցավակցությունը հատնեց կատարված դժբախտության առթիվ, սակայն նշեց, որ «բժշկությունը ունիվերսալ գործիքներ չունի, որ բոլոր հիվանդությունները բուժվեն, կան հիվանդություններ, որոնք չեն տեղավորվում ստանդարների մեջ»: Փորձագետը նշեց, որ, ծանոթանալով գործի նյութերին, չի գտել որևէ բժշկական սխալ, որը հանգեցրել է դժբախտությանը: Զ. Տեր Ավետիքյանը հավելեց, որ նույնիսկ ախտորոշումը ճիշտ դրվելու դեպքում կայծակնային ձևով ջրծաղիկի սպեցիֆիկ բուժում չկա, իսկ ստանդարտ բուժման դեպքում մահվան ելքի հավանականությունը մեծ էր: Փորձագետը մեղադրողի հարցերին ի պատասխան նշեց, որ որովայնային ցավերի դեպքում առաջնային ստուգվում է սուր որովայնային պաթոլոգիաների առկայությունը, որի համար նշանակվում է դինամիկ հսկողություն, բացի այդ, նշեց, որ գործիքային միջոցները հիվանդության ախտորոշման համար լրացուցիչ դեր ունեն, և այդ հարցում վերջակետը դրվում է բժշկի անմիջական ստուգման (ձեռքով) միջոցով: Փորձագետը նշեց, որ հիվանդին ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելը սխալ չէր, քանզի ինֆեկցիոն հիվանդանոցը մոնոպրոֆիլ է և այնտեղ չեն կարող բուժում իրականացնել սուր որովայնային պաթոլոգիաների դեմ: Մեղադրողը նշեց, որ փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ ինֆեկցիոնիստը և վիրաբույժը համագործակցել են, սակայն քրեական գործով նման տվյալ չի ձեռք բերվել և խնդրեց պարզաբանել այդ հանգամանքը: Զ. Տեր-Ավետիսյանը նշեց, որ համագործակցության մասին տվյալները որևէ կերպ չեն ֆիքսվում և հավելեց, որ նրանք առանձին-առանձին նայել են հիվանդին, եթե լրացումներ ունենային՝ մեկը մյուսի նշանակած բուժմանը, կկարողանային դա անել: Փորձագետը հնչեցված հարցին ի պատասխան հայտնեց, որ ինֆեկցիոնիստը պարտավոր չէր հետաքրքրվել Հայկ Խաչատրյանին տեղափոխելու հարցով, քանի որ ըստ փորձագետի «նա իր պարտքն արդեն կատարել էր»:
Պաշտպանական կողմը հարցեր չուղղեց փորձագետին, իսկ նախագահող դատավորի հարցին ի պատասխան փորձագետը նշեց, որ գիշերը Հայկ Խաչատրյանին ոչ ոք չի մոտեցել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Դատավորի այն հարցին, թե ինչու է Հայկ Խաչատրյանի մոտ զարգացել ջրծաղիկի վիսերալ ձևը, փորձագետը նշեց, որ մեծահասակների մոտ ջրծաղիկը ծանր է ընթանում, հատկապես, երբ օրգանիզմը թույլ է:
Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժշկական համալսարանի ինֆեկցիոն ամբիոնի դոցենտ Մելանյա Շաբոյանը հայտնեց, որ առայժ գրականության մեջ չի նկարագրվում լավացում հիվանդությունների կայծակնային ձևերից: Փորձագետ Մ. Շաբոյանը պնդեց, որ սուր որովայնային ցավերի դեպքում հիվանդը պետք է գտնվի վիրաբուժական մասում, և միայն որովայնային պաթոլոգիաների հերքման դեպքում կարող է տեղափոխվել այլ բաժին կամ հիվանդանոց: Փորձագետն իր խոսքում նշեց նաև, որ վիսցերալ ձևերը սովորաբար ավարտվում են մահվամբ, սակայն նշեց, որ որովայնային ցավերը ջրծաղիկի վիսցերալ ձևի ախտանիշ չեն: Վիսցերալ ձևն ախտոշվում է վիճակի կտրուկ վատացման դեպքում, երբ առաջանում են գլխացավ, սրտխառնոց, արնահոսություն:
Սույն դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետ, մասնագիտությամբ համաճարակաբան, վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանը: Վերջինս նշեց, որ հնարավոր չէ միանշանակ որոշել, թե որտեղ է Հայկ Խաչատրյանը վարակվել ջրծաղիկ հիվանդությամբ՝ զորամասում, թե հոսպիտալում: Հարցաքննության ժամանակ փորձագետը նշեց, որ հակահամաճարակային միջոցառումները պատշաճ կատարվել են, ու չնայած գործի նյութերում որևէ տվյալ չկա օբսերվաթիոն գործողությունների կատարման մասին, սակայն փորձագետը պնդեց, որ դրանք արդեն իսկ պետք է կատարված լինեին սուր ռեսպիրատոր հիվանդությունների համար, որի կատարման վերաբերյալ գոյություն ունի ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրաման:
Եզրակացության վերաբերյալ ցուցմունք տալու համար դատարան հրավիրված մյուս փորձագետ Մուշեղ Միրիջանյանը վիրահատություն ունենալու պատճառով չէր ներկայացել դատական նիստին, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 10:00-ին, որի ընթացքում կհարցաքննվի փորձագետ Մ. Միրիջանյանը: