Զգայուն թեմաների ժամանակ ՄԻՊ-ն ընկրկում է. Արթուր Սաքունցը մեկնաբանում է ՄԻՊ-ի պատասխանը
22:54, October 21, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններ«Մարդու իրավուքների պաշտպանի գրության մեջ կա երկակի մոտեցում: Ադզեցություն են ունեցել նաեւ քաղաքական գործոնները: Մինչ այս եղած դեպքերն էլ ցույց են տալիս, որ եղել են առանձին դեպքեր, երբ մարդու իրավունքների մոտեցումներից նահանջ է արձանագրվել: Զգայուն թեմաների ժամանակ ՄԻՊ-ն ընկրկում է», – այս մասին Araratnews.am-ին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հարցին՝ եթե այդ կառույցի մոտեցումները հայտնի էին, ապա ինչու որոշեցին ամեն դեպքում դիմել, իրավապաշտպանն ասաց. «Խոսքը մարդու հիմնարար իրավուքներին եւ ազատություններին է վերաբերում, ուրիշ ի՞նչ ինստիտուտի միջոցով հարցը բարձրացնեինք: Ակնկալիքներ ունեի, մենք որպես իրավապաշտպան կազմակերպություն այդ հարցը բարձրացնում ենք, որպեսզի օրենքն աշխատի, սահմանադրական նորմերն աշխատեն»:
Սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերով Սահմանադրական դատարան դիմելը որքանո՞վ է նպատակահարմար. չէ՞ որ ե՛ւ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը, ե՛ւ Սահմանադրական դատարանը ղեկավարում է նույն անձը՝ Գագիկ Հարությունյանը, այս մասին եւս հարց ուղղեցինք իրավապաշտպանին. «Հարցերի լուծմանը պետք է մոտենանք հնարավորությունների առումով. կա՞ն իրավական հնարավորություններ՝ ուրեմն պետք է օգտագործել: Այն, որ Գագիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանի հրամանով ղեկավարում է մասնագիտական հանձնաժողովը, անթույլատրելի է: Դա Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական ինստիտուտի, անկախության խախտում է, միանշանակ, սակայն Դատարանը միայն նախագահից չի կազմված»:
Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել Էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանությունը որոշելու խնդրի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հարցով: ՄԻՊ-ը, սակայն, գրավոր հայտնել է՝ «2015 թվականի հոկտեմբերի 5-ի «ԱԺ-ի որոշումը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու հիմքերը բավարար չեն»:
Աղբյուրը՝ araratnews.am