Դատապարտյալին կհսկեն նաև GPRS-ով. Պրոբացիոն ծառայության մասին
23:11, October 21, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում պրոբացիայի ներդրմանն ուղղված Պրոբացիայի և պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագիծը վերջնական տեսք է ստանում և սպասվում է, որ մինչև տարվա վերջ կառավարությունը կհաստատի ու կներկայացնի Ազգային ժողով:
Այսօր մասնագետների ու իրավական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեց նախագծի առայժմ նախնական տարբերակը, իսկ հաջորդ շաբաթ արդեն կներկայացվի վերջնական տարբերակը:
Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության աշխատակից Էմիլ Մարգարյանը, ներկայացնելով նախագիծը ներկաներին, տեղեկացրեց, որ նախագծում սահմանվում է պրոբացիա հասկացությունը` պրոբացիան շահառուի նկատմամբ օրենքով նշանակված ազատազրկման հետ չկապված պատժատեսակների և այլընտրանքային խափանման միջոցների կատարումն է, որն իր մեջ ներառում է հստակեցում, ուղղորդում և աջակցություն` անձին վերասոցիալականացնելու նպատակով:
Օրինագծի հեղինակները մատնանշել են ծառայության ու դրա իրականացման սկզբունքները` անձի իրավունքների հարգման, համագործակցության, անհատականացման, անձի պատժի և ուղղորդման սկզբունքը, գաղտնիության սկզբունքները: Այն դատապարտյալը (օրինագծում` շահառու), որը կօգտվի պրոբացիոն ծառայությունից, կունենա անձնական գործ, որում ներառված կլինեն նրա վերաբերյալ բոլոր տվյալները: Շահառուի համաձայնությամբ յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ նրա անձնական գործին, ինչպես նաև ԱԱԾ-ն, ՄԻՊ-ը և այլն:
Պրոբացիոն ծառայությունը գործելու է արդարադատության նախարարության կազմում և լինելու է հատուկ ծառայություն, որն ունենալու է իր տարբերանշանը, իսկ դրա աշխատակիցներն ունենալու են իրենց հատուկ համազգեստը` առանց ուսադիրների, բայց տարբերանշանով: Ծառայությունը լինելու է հատուկ, բայց ոչ քաղաքացիական: Ծառայողներն ունենալու են կոչումներ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը նախ նկատեց, որ նոր ստեղծվելիք պրոբացիոն ծառայությունը պետք է աշխատի անկախ և հետաքրքրվեց, թե արդյոք նպատակահարմար չէ՞ր պետական մարմիններից անկախ մի ծառայություն հիմնել:
Ի պատասխան պարոն Սաքունցի, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ կարելի է օրենքում երաշխիքներ, հավասարակշռություն ապահովել, որպեսզի պրոբացիոն ծառայությունն անկախ գործի ու հավելեց. «Բայց հավատացեք, որ մեր երկրում և ընդհանարպես, ցանկացած երկրում, երբ գործում է համակարգ, ինքն այդ համակարգի մի մասն է և երաշխիքներ պետք է ապահովել: Այս հարցում ես պատրաստ եմ քննարկենք` Արդարադատության նախարարության համակարգում այնպիսի համակարգ ստեղծենք, որ ծառայությունն իր գործունեության ընթացքում անկախություն ունենա»:
Պրոբացիոն ծառայության մասին օրենքի նախագծում կա նաև դրույթ էլեկտրոնային հսկողության մասին. շահառուի կամ դատապարտյալի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառվելու է դատարանի որոշմամբ, որն ընդունելիս պետք է հաշվի առնել անձի տարիքը, սոցիալական դրությունը, առողջական վիճակը, զբաղմունքի տեսակը և այլն:
Էլեկտրոնային հսկողությունը չպետք է ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ պատճառի պրոբացիոն ծառայության շահառուին: էլեկտրոնային հսկողությունն իրականացվելու է GPRS-ի միջոցով կամ այլ ռադիոալիքային, կենսաչափական արբանյակային սարքերի միջոցով, որոնք հնարավորություն կտան պարզել` որտեղ է գտնվում դատապարտյալը, ինչ վարքագիծ է դրսևորել: Էլեկտրոնային հսկողության ֆինանսավորումն իրականացվելու է կամ պետական բյուջեի կամ էլ շահառու դատապարտյալի հաշվին: Որպես այլընտրանքային պատիժ՝ պրոբացիոն ծառայությունը կատարելու է նաև տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավի, երաշխավորության կատարումը:
Մինչ այդ քրեակատարողական հիմնարկների համակարգը էլեկտրոնային կդառնա, որպեսզի պրոբացիոն ծառայության իրականացումը խոչընդոտների չհանդիպի:
Սուրեն Քրմոյանի ներկայացմամբ, պրոբացիոն ծառայության շրջանակներում նաև կարգավորվելու է դատապարտյալի հետպատժյան փուլը:
«Հիմա օրենսդրությունը կարգավորում է, բայց պրակտիկ մարդը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, չկա մի մարդ, որ նրա ձեռքից բռնի, տանի պահի մի քանի ամիս, մինչև էդ մարդը իր տեղը գտնի հասարակության մեջ: Պրոբացիան հենց դա է անելու», -ներկայացրեց Քրմոյանը:
Աղբյուրը՝ panorama.am