«Ադրբեջանական կողմի ոչ համարժեք պահվածքը չի հանդիպում ՀՀ իշխանությունների դիվանագիտական արդյունավետ ջանքերին». Արթուր Սաքունց
23:19, October 21, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԺնևյան հանդիպումից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմը որևէ պայմանավորվածություն էլ չի ցանկանում ձեռք բերել սահմանային լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով հոկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի՝ Ժնևում կայացած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Ժնևի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր. «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ՝ և´ Ադրբեջանի նախագահը, և´ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի»:
Արթուր Սաքունցի խոսքով՝ Ադրբեջանն ի վիճակի չէ որևէ պայմանավորվածություն կատարելու:
«Ես չգիտեմ, գուցե Սերժ Սարգսյանը խոսել է իր և Ալիևի հարաբերությունների լարվածության թուլացման մասին, բայց մենք տեսնում ենք, որ դա հրադադարի ռեժիմի խախտման բացառմանը կամ նվազեցմանը չի հանգեցնում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հանդիպումից ընդամենը մի քանի օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինվոր է զոհվել: ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցի մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Տիգրան Խաչատրյանը: Ժնևյան հանդիպմանը նախորդած Նյու Յորքում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո ևս Տավուշում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող էր զոհվել: Ժնևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հայտարարել էին, թե «հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»:
Մինչ տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում, որ Հայաստանն այս պայմաններում պետք է հարձակվողական քաղաքականություն որդեգրի, հոկտեմբերի 19-ի սպանությունից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր լեհ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով:
Արթուր Սաքունցի խոսքով՝ ռուսական կողմի պարտադրանքի հետևանք էր այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իբր Ալիևը համամիտ է, որ սահմանին զոհեր չունենանք, ու այդ ուղղությամբ քայլեր է անելու:
«Հայկական կողմը, ցավոք սրտի, ամբողջովին գտնվում է ռուսական քաղաքականության տրամաբանության մեջ: Նաև Ադրբեջանն է այդ տիրույթում, այդ երկրները որպես գործիք են օգտագործվում Կրեմլի ձեռքին՝ Կրեմլի քաղաքական նպատակներն իրականացնելու համար, ոչ թե ամեն մեկը ելնում է իր ժողովրդի շահերից: Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն այդ համատեքստում կարելի է դիտարկել»,- ասում է նա:
Արթուր Սաքունցի խոսքով` ընդհանուր առմամբ, սահմանին լարվածությունը միշտ եղել է, անգամ ապրիլյան պատերազմից հետո: Այսինքն՝ ըստ էության երկու կողմերի ղեկավարները որևէ պատասխանատվություն չեն կրում իրենց քաղաքացիների առջև, որ լարվածության թուլացման ուղղությամբ ջանքեր գործադրեն: Այդ թվում՝ համապատասխան դիվանագիտական ջանքեր չեն գործադրվում:
«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի ոչ համարժեք պահվածքը չի հանդիպում ՀՀ իշխանությունների դիվանագիտական է´լ ավելի արդյունավետ ջանքերին: Ոչ միայն պետք է գնալ ռազմական պոտենցիայի հզորացման ճանապարհով, այլ նաև դիվանագիտական ճակատում բավական արդյունավետ աշխատանք կատարել: Ես արձանագրում եմ, որ ՀՀ արտաքին գերատեսչությունն այդ առումով բացարձակ ադեկվատ չէ»,- ասաց նա:
Ըստ Սաքունցի՝ ժնևյան հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ թուլացնել լարվածությունը:
«Մասնավորապես, վերահսկողության մեխանիզմների, դիպուկահարներին առաջնագծից հեռացնելու, հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ այդ երկիրը ջանք չի գործադրում: Բայց խնդիրը միայն ադրբեջանական կողմը չէ, խնդիրը նաև հայկական կողմի ոչ արդյունավետ դիվանագիտությունն է, ինչի հետևանքով ունենք այս վիճակը»,- ընդգծեց նա: