Որտեղից Վովա Գասպարյանի պատգամավոր փեսային այդքան գումար. միանշանակ է՝ դա ունի ոչ օրինական ծագում
11:08, November 21, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, ԱԺ պատգամավոր և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում երկու առանձնատուն է ձեռք բերել՝ ընդհանուր 1 միլիոն դոլար արժողությամբ: Արթուր Գևորգյանը իր հայտարարագրերում այս մասին չի նշել և հերքում է փաստը, որ ունի անշարժ գույք ԱՄՆ-ում:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ բնականաբար միայն աշխատավարձով հնարավոր չէ այդպիսի գույք ձեռք բերել. կա՛մ պետք է ունենա այլ եկամուտներ, բիզնես կամ ուրիշի գումարը պետք է տնօրինի:
«Բոլոր այս տարբերակներով էլ հարցեր են ծագում. նախ պատգամավորը չի կարող ունենալ բիզնես, երկրորդ՝ Հայաստանում ինչ բիզնես է, որից այդքան եկամուտներ է ստանում, և երրորդ՝ քանի որ Վ. Գասպարյանի փեսան է, հնարավոր է, որ նրա գումարներն է իրացնում:
Հարց է ծագում, թե որտեղից այդքան գումարները Հայաստանի նման երկրում, որտեղ, ինչպես վարչապետն է խոստովանում, տնտեսական վիճակը ծանր է, մյուս կողմից էլ, առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում կան 60 տոկոս թերսնվողներ, այսինքն՝ աղքատության շեմը մինչև այդ աստիճան է, հետևաբար այդ գումարները ոչ օրինական ճանապարհով են ձեռք բերվել՝ կա՛մ կոռուպցոին եղանակով, կա՛մ պետբյուջեի չարաշահման, կա՛մ հարկային պարտավորությունների չկատարման արդյունքում»,- նշեց Ա. Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ սա այն հերթական դեպքն է, երբ մարդն իր հայտարարագրերում ակնհայտորեն կեղծ տվյալներ է ներկայացնում, ըստ օրենքի դա պետք է իրավական հետևանքներ ունենա. «Հայտարարագրում կեղծ տվյալի հրապարակումը էթիկայի հանձնաժողովի աշխատանքների շրջանակում չպետք է դիտարկել, դա բոլորովին այլ ընթացակարգ է, ոչ միայն թաքցնում է եկամուտները, այլ նաև հիմնավոր կասկած կա, որ եկամուտները ոչ օրինական ճանապարհով են ձեռք բերվել. դա քրեական հանցագործության մասին է վկայում, որը պետք է իրավապահ մարմինների քննության առարկա հանդիսանա, թեպտև կոռումապցած երկրում դժվար է ակնկալել օբյեկտիվ քննություն»:
Ա. Սաքունցը նաև ընդգծեց, որ սա առաջադրանք է նոր վարչապետին, «որը փորձում է Ս. Սարգսյանի, իշխանության նոր դեմքի իմիջ ստեղծել»: Իրավապաշտպանի խոսքով՝ փոփոխությունների կատարման առաջին քայլը պետք է լինի նման կոռումպացված պաշտոնյաների գործունեությունը քննության առնելը: