Կատալոնացի ակտիվիստ Նեուս Ռոսելը ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ներկայացրեց Կատալոնիայի ներկայիս քաղաքական վիճակը
10:16, December 21, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն
2017 թ. դեկտեմբերի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հյուրընկալել էր կատալոնացի ակտիվիստ Նեուս Ռոսելին: Նեուսը վերջին շրջանում Կատալոնիայում ընթացող քաղաքացիական շարժման մասնակիցներից է:
Նա ներկայացրեց Կատալոնիայի պատմությունը՝ հիմնադրումից մինչև «Երեսնամյա պատերազմ», որը, Նեուսի խոսքով, շրջադարձային է եղել Կատալոնիայի պատմության մեջ:
Անդրադարձ կատարեց նաև 20-րդ դարում Կատալոնիայի համար նշանակալից իրադարձություններին՝ Միգել Պրիմո դե Ռիվերայի դիկտատուրա, Իսպանական 2-րդ հանրապետություն և Ֆրանսիսկո Ֆրանկոյի դիկտատուրա:
2000-ականների սկզբից Կատալոնիայում քաղաքացիական շարժման համատեքստում Նեուսն անդրադարձավ 2014-2016 թթ. Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեներին:
2017 թ. հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած վերջին հանրաքվեի արդյունքում կատալոնացիների ավելի քան 90 %-ը կողմ է քվեարկել Կատալոնիայի անկախացմանը, սակայն հոկտեմբերի 27-ի անկախության հռչակումից հետո Իսպանիայի իշխանությունները կառավարությունը ցրել են: Նախագահ Կարլես Պուջդեմոնի Բրյուսել մեկնելուց հետո ցույցեր են սկսվել երկրով մեկ, որոնք բռնի մեթոդներով ճնշվել են իսպանական ոստիկանության կողմից:
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Կատալոնիայում խորհրդարանական ընտրություններ են նշանակված: