Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ ընտրությունների արդյունքների ամփոփման համար հիմք հանդիսացող իրավական փաստաթղթերի վերաբերյալ վեճերը վարչական դատարանը կքննի կոլեգիալ կազմով
17:50, December 21, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Ընտրական իրավունք2017թ.-ի դեկտեմբերի 19-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի հիման վրա ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Սահմանադրական դատարան էր դիմել այն բանից հետո, երբ 2017 թ. ապրիլի 14-ին կայացված վճռով ՀՀ Վարչական դատարանն ընդունել էր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից իր դիտորդի իրավունքների խախտման փաստը վարչական դատարանում վիճարկելու իրավունքը, սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Կազմակերպության դիտորդի՝ ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունների և կայացված որոշման իրավաչափությունը վիճարկող հայցը դատարանը մերժեց, և ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորները զրկվեցին այդ որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:
Սահմանադրական դատարանը իր՝ 2017 թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրեց, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ հաշվի առնելով այն, որ ընտրությունը ժամկետային գործընթաց է, և դրա արդյունքներն ամփոփելուց հետո կայացված վճիռը կարող է կորցնել իր իմաստը:
Սակայն Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` պետք է ապահովվի ընտրությունների արդյունքների ամփոփման համար հիմք հանդիսացող իրավական ակտերի և փաստաթղթերի առնչությամբ ծագող ընտրական վեճերի կոլեգիալ կազմով քննություն, որով օրենսդրորեն ներդաշնակություն կապահովվի ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի և ՀՀ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումների միջև:
Փաստորեն` Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի ներկայիս իրավակարգավորումները չեն երաշխավորում անձի արդար դատաքննության իրավունքը, ինչը անհրաժեշտ է շտկել, մասնավորապես` պետք է ընտրական գործերով վեճերը քննվեն կոլեգիալ կազմով:
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ ընտրական վեճերի քննությունը պետք է իրականացվի սեղմ ժամետներում և դատական վերջնական ակտերը պետք է կայացվեն մինչև ընտրությունների ամփոփումը: Այսինքն` Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ վերաքննության իրավունքի տրամադրումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ դատական ակտերը կկայացվեն ընտրության արդյունքների ամփոփումից հետո: Ուստի՝ վերաքննության մեխանիզմը կարող է փոխարինվել գործի կոլեգիալ կազմով քննությամբ, ինչը կերաշխավորի դատական սխալի բացառումը կամ նվազեցումը:
Այսպիսով՝ ՀՀ օրենսդիր մարմինը պետք է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածը փոփոխի և համապատասխանեցնի ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը՝ կոլեգիալ կազմով քննություն նախատեսելով նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում խախտումներն արձանագրելու վերաբերյալ ծագած ընտրական վեճերի լուծման դեպքում: