Դատական իշխանության կախվածությունը ոչ թե Բաղրամյան 26-ից է, այլ ռուսական կողմից
17:37, December 21, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքՀանրային ակնկալիքներն այս դատավարության հետ կապված բավականին մեծ են: Բայց դատաքննության ընթացքում Ավետիսյանների եղեռնագործության հետ կապված շատ հարցեր, որոնք հուզում են հանրությանը, դեռևս չեն ստացել իրենց պատասխանները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած Ավետիսյանների գործով դատավարության գործընթացին:
Նրա խոսքով՝ նախաքննությունից ի վեր` նույն տրամաբանությունը շարունակում է նաև դատաքննությունը. «Հայկական կողմը նախաքննության ընթացքում, ակնհայտորեն սահմանափակված լինելով ռուսական կողմի ոչ իրավաչափ գործողություններով, սահմանափակվածության մեջ է գտնվում նաև դատաքննության ընթացքում: Առաջին խնդիրն այն է, որ դատաքննությունն անցկացվում է ռուսական բազայի տարածքում»,-ասաց Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով երկրորդ կարևոր հանգամանքին՝ դահլիճում ռուս զինծառայողների ներկայությանն, իրավապաշտպանը նկատեց, որ խնդիրը ոչ միայն ռուսական բազայի զինծառայողների ներկայությունն է, այլև դրանով հանդերձ արձանագրվում է ռուսական կողմի՝ Ավտիսյանների սպանության գործով դատաքննության նկատմամբ հսկողության իրականացման փաստը:
Արթուր Սաքունցի խոսքով, երբ ՀՀ դատավորը խախտումը վերացնելու միջնորդությունը մերժելու չպատճառաբանված որոշում է կայացնում, կարող ենք արձանագրել, որ այս գործում կան երկու հստակ սուբյեկտներ՝ մեկը հայկական, մյուսն էլ ռուսական կողմն է, որն իրավական որևիցե ստատուս չունի, բայց մասնակցում է դատավարությանը:
«Անթույլատրելի է դա: Տվյալ դեպքում մենք ոչ թե գործ ունենք Բաղրամյան 26-ից Հայաստանի Հանրապետության դատական իշխանության կախվածության հետ, այլ ռուսական կողմից՝ հանձինս ռուսական ռազմաբազայից Հայաստանի կախվածության հետ: Այս պայմաններում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ պետք է կայացվի: Երկրորդ, նկատենք, որ դատական դեպարտամենտի ներկայացուցիչները անմիջականորեն ներկա էին, և որ ըստ էության` ոչ մի քայլ չկատարեցին այդ խնդիրը լուծելու համար: Եվ երրորդ` խնդրի լուծման, թերևս, ամենաառաջին, հասցեատերը ՀՀ նախագահն է, ով լիազորություն ունի ապահովելու դատական իշխանության բնականոն գործունեությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանին համապատասխան գրություն կուղարկվի առաջիկայում:
«Հաջորդ դատավարության ընթացքում խնդիրները չլուծելը մեզ թույլ կտա մտածել, որ Պերմյակովը շարունակում է գտնվել հսկողության ներքո, Պերմյակովը դատավարության ընթացքում ազատ չի լինելու իր պատասխաններում և մոտեցումներում: Թույլ կտա նաև մտածել, որ ռուսական կողմը՝ հանձինս այս իր վարքագծի, ունի ակնհայտ թաքցնելու բաներ, և հայկական կողմը, տուրք տալով ռուսական կողմին, ըստ էության, անտեսում է նույնիսկ ՀՀ օրենսդրության պահանջները»,- նշեց նա:
Իսկ թե ինչ թաքցնելու բաներ ունի ռուսական կողմը, իրավապաշտպանը միայն մակերեսային պատասխան տվեց. «Հանցագործության ամբողջ պատկերը»,- ասաց նա՝ չցանականալով դեռևս այլ մանրամասներ հրապարակել:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը հետաձգվեց` հանրային պաշտպանների` քրեական գործին ծանոթ չլինելու միջնորդությամբ: Հիշեցնենք նաև, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, այդ թվում՝ 1,8 տարեկան Հասմիկին և 6 ամսական Սերյոժային:
Աղբյուրը ` Newsbook.am