«Բռնապետական այս ոճի կառավարումը դառնալու է տիրապետող». Սաքունց
11:42, February 21, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրված հանձնարարությունը, ըստ որի՝ քաղաքապետարանում խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը, կառավարության նիստերը փակ անցկացնելու վերաբերյալ Արդարադատության նախարարի նախաձեռնության շարունակությունն է: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Այսինքն՝ ինչ սկզբունք ներկայացնում է վերադասը, նույն մոտեցումն ընդօրինակվում ու իրականացվում է իր ենթակաների կողմից»,- ասաց նա:
Ըստ իրավապաշտպանի՝ բռնապետական այս ոճի կառավարումը դառնալու է տիրապետող գործելաոճ:«Եվ սա ակնհայտ հետընթաց է նույնիսկ մեր շատ վատ այսօրվա վիճակի համեմատ: Այս առանձին դրսևորումները մի ամբողջություն են կազմում, ոչ թե պատահական ինչ-որ դրվագներ են: Այսինքն՝ վերևից ներքև ամբողջովին որդեգրվում է հանրության առջև հաշվետվողականության բացակայության, ընդդիմադիրների նկատմամբ սահմանափակումներ մտեցնելու գործելաոճը: Եվ սա ռեժիմի կոշտացման մասին է վկայում»,- ասաց Սաքունցը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը խոչընդոտել էր և լրագրողների, և ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի տեղաշարժը քաղաքապետարանում ու նրանց ոստիկանների օգնությամբ դուրս էր հրավիրել շենքից: Իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել լրագրողների աշխատանքի կարգը քաղաքապետարանում, ինչը ենթադրում է, որ խստացումներ են սպասվում:
Արթուր Սաքունցը նշեց, որ քաղաքապետարանի պաշտոնյայի կողմից ավագանու անդամի ու լրագրողի աշխատանքի խոչընդոտումը պաշտոնեական դիրքի չարաշահում է: Հատկապես ավագանու անդամի դեպքում, որովհետև քաղաքապետարանի պաշտոնյան մի մարմնի ներկայացուցիչ է, որը հաշվետու է ավագանու անդամին:
«Դա նաև ուղղված է ներակայացուցչական մարմնի ներկայացուցչի գործունեությունը խոչընդոտելուն ու սահմանափակելուն, առանց որևէ հիմքի: Երկրորդ, դա նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հրապարակային գործունեության հաշվետվողականության սկզբունքի կոպիտ ոտնահարում է: Եվ ակնհայտորեն ինքն իր ողջ բովանդակությամբ հանդիսանում է բռնապետական ոճի ինստիտուցիոնալ մոտեցում: Ակնհայտ է, որ այդ, այսպես կոչված, կամայականությունը ոչ այնքան սեփական նախաձեռնությամբ է, այլ կամ ուղղակի քաղաքապետի հրահանգ է, կամ էլ քաղաքապետի կողմից ներկայացուցչական մարմնի նկատմամբ օրերս դրսևորած վերաբերմունքի տրամաբանական շարունակությունն է»,- ասաց նա:
Այսինքն, ըստ Սաքունցի, ինչ վերաբերմունք որ ցույց է տալիս քաղաքապետը ներկայացուցչական մարմնի անդամի նկատմամբ, դա օրինակ է ծառայում նրա ենթականերին, որոնց կողմից նույն վերաբերմունքը շարունակվում է:
«Եվ սա շատ մտահոգիչ հարց է, որովհետև ըստ էության արմատապես փոխվում է մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի գործելաոճը», ասաց նա: