Արթուր Սաքունց․ Ցանկացած փորձ՝ մեկնաբանելու սահմանադրական նորմերը, ինքնիրավչություն է
09:46, February 21, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններScanNews-ի զրուցակիցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն է։
Համաձա՞յն եք փաստաբան Վահե Գրիգորյանի այն հայտարարության հետ (որը նա արել է լրատվական կայքերից մեկին տրված հարցազրույցի ժամանակ), ըստ որի Սահմանադրության ուղիղ պահանջով 4-րդ նախագահին պետք է ընտրեն քաղաքացիները։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով, որին և հղում են կատարում իշխանական պաշտոնյաները) ուղիղ տեքստով նախատեսված է, որ Հանրապետության 4-րդ նախագահը կարող է ընտրվել բացառապես համապետական ընտրությունների (համընդհանուր և ուղիղ քվեարկության) միջոցով՝ 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված կարգով:
Այո, համաձայն եմ։ Բավական լուրջ հարց եք բարձրացրել, և տեղի ունի սահմանադրական նորմերի հստակ սահմանում, որ 4-րդ նախագահի ընտրությունը պետք է իրականացվի ուղիղ և համընդհանուր ընտրությունների միջոցով։
Արդեն շատ մասնագետների կողմից՝ պաշտոնական ու հասարակական մակարդակներում, հնչել են այս կապակցությամբ կարծիքներ ու մեկնաբանություններ։ Հատկապես Վահե Գրիգորյանի դիտարկմանը հակառակ կարծիքներին ծանո՞թ եք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեսակետները։
Ծանոթ եմ Վարդան Պողոսյանի տեսակետին, որտեղ ինքը փորձում է Հին Հռոմից սկսած ինչ-որ իրավական սկզբունքներով մեկնաբանել։ Նախ ես կասեի հետևյալը․ Վահե Գրիգորյանը ոչ թե մեկնաբանում է, այլ մեջբերում է սահմանադրական նորմերը։ Իսկ ցանկացած փորձ՝ մեկնաբանելու սահմանադրական նորմերը, հանդիսանում է ինքնիրավչություն, որովհետև նման մեկնաբանություն տալու իրավունք ունի Սահմանադրական դատարանը։ Իսկ երբ մարդը փորձ է անում սահմանադրական նորմերի անհամապատասխանությունը լուծել մեկնաբանության միջոցով, ապա դա խոսում է այն մասին, որ տվյալ մարդն ընդունում է, որ այդ հակասությունը գոյություն ունի և փորձ է անում իրավական վերլուծության տեխնոլոգիայի միջոցով այդ հակասության խնդիրը լուծի, որը տեղին չէ։ Այսինքն՝ սահմանադրությունը պետք է հստակ լինի, իրավական նորմը միանշանակ լինի, երկիմաստ չլինի և կանխատեսելի լինի։ Վահե Գրիգորյանը շատ հստակ ներկայացնում է՝ առանց որևէ մեկնաբանության։ Կարդում է ուղղակի, և ցույց է տալիս, թե ինչու։ Իսկ մնացած մեկնաբանություններով փորձ են անում ուղղակի առաջադրված հարցերը տարբեր իրավական վերլուծական ձևական մոտեցումներով լուծում տալ, որը տեղին չէ։
Ըստ Ձեզ՝ Սահմանադրության տեքստում նման խախտման առկայությունը քրեորեն պատժելի՞ է։
Այստեղ իրավական փնթիության մասին է խոսքը, որի համար պատասխանատու է հրահանգ տվողը, որը Սերժ Սարգսյանն է՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողը։ Ըստ էության՝ վարչահրամայական մեթոդներով պետության մայր օրենքին, բարձրագույն իրավական ուժ ունեցող օրենքին նման ձևով չի կարելի վերաբերվել։ Սա հրամանագիր չի, կադրային նշանակում չի, որին այդպիսի կամայական ու սուբյեկտիվ մոտեցումներով կարելի էր մոտենալ։ Պետք է լիներ բավական լուրջ, ներկայացուցչական մարմին, որպիսին է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը՝ ներգրավվելով ԱԺ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչերին, որպեսզի նման փնթիության հնարավորությունը կանխվեր։
Իսկ ի՞նչ եք կարծում, արդյոք կանխատեսելի չէ՞ր, որ ինչ-ոչ մի օր և ինչ-որ մի տեղ կբացահայտվեր այդ «փնթի» վերաբերմունքը։
Նրանք չէին կարծում, նրանք նույնիսկ դրան ուշադրություն էլ չէին դարձնում, քանի որ իրենց համար ոչ թե գրագետ իրավական փաստաթուղթ ունենալն էր էական, այլ միանշանակ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետից հետո իշխանության շարունակականության հարցը լուծելն էր ամեն գնով։ Ոչ թե որակին ուշադրություն դարձնելու խնդիր կար, այլ ուղղակի նպատակին հասնելու, և անխտիր բոլոր մեթոդները որպես օրինական համարելու միտումը կար։