Պետիցիայի (հանրագիր) ինստիտուտի ներդրումն անհույս, անարդյունավետ հնարավորություն է
11:02, July 21, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ կառավարությունը այսօր հավանություն տվեց «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» օրինագծին, որով հնարավոր է դառնում այսուհետ Հայաստանում իշխանություններին հանրագիր ներկայացնել: Այս իրավասությունը սահմանված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, 53-րդ հոդվածով:
Նշենք, որ Հանրագրեր ներկայացնելու իրավունքը` որպես քաղաքական իրավունք, կարևորագույն նշանակություն ունի անհատական և հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից: Հանրագիրը միջոց է հարկադրելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հաշվի առնել հասարակության կարծիքը, միջոցներ ձեռնարկել հասարակության անդամների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Վերաբերելով ոչ միայն քաղաքացիներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ այն հնարավորություն է տալիս ապահովել հասարակության առավել լայն մասնակցություն և ներգրավվածություն հանրային նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործընթացներին:
Հանրագրերի ինստիտուտը լայն կիրառություն ունի միջազգային պրակտիկայում: Գերմանիայի Սահմանադրությունը, օրինակ, ամրագրում է յուրաքանչյուրի՝ առանձին կամ այլոց հետ խնդրանքով կամ բողոքով Բունդեսթագին դիմելու իրավունքը: Միաժամանակ, Գերմանիայի Հիմնական օրենքը Բունդեսթագին պահանջ է առաջադրում ստեղծելու առանձին պետիցիաների հանձնաժողով, որը կքննարկի Բունդեսթագին ուղղված հանրագրերը: Պետիցիաների հանձնաժողովն իրավասու է քննարկել ինչպես Բունդեսթագի իրավասությունների ոլորտին, այսինքն՝ դաշնային օրենսդրությանը վերաբերող հարցեր, այնպես էլ դաշնային կառավարությանը, դաշնային մարմիններին և հանրային գործառույթներ իրականացնող այլ դաշնային կառույցներին վերաբերող հարցեր:
1995թ. խմբագրությամբ Սահմանադրությունը հանրագրերի իրավունքի վերաբերյալ իրավական կարգավորումներ չէր նախատեսում: Այս իրավունքն այլ ձևակերպմամբ սահմանադրական ամրագրում ստացավ 2005թ. սահմանադրական բարեփոխումներով: 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 27.1-ին հոդվածն ամրագրում էր, որ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմումներ և առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Այդուհանդերձ, սահմանադրական փոփոխություններին չհաջորդեցին նաև օրենսդրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ ընթացակարգերի նախատեսմամբ կապահովեին իրավունքի գործնական իրացումը:
Այս հարցի վերաբերյալ օրենսդրական մակարդակով որոշակի իրավական լուծումներ առկա են եղել նաև նախկինում:
Հանրագրի ինստիտուտի նեդրումը նպատակ է հետապնդել, որպես լրացուցիչ իրավական երաշխիք, խթանել ժողովրդավարության ամրապնդումը, ժողովրդաիշխանության առավել ամբողջական իրացումը.
ապահովել հասարակության մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման գործընթացին.
հնարավոր կլինի վեր հանել հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներին վերաբերող խնդիրներ, կապահովվի հասարակության պահանջմունքների բացահայտումը և իրավակարգավորումը.
ամրապնդվել պետության հետ փոխհարաբերություններում հաղորդակցությունը և համագործակցությունը, կապահովվի հասարակական վերահսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ.
բարձրացնել հանրային իշխանության սուբյեկտների պատասխանատվությունը հասարակության առջև:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ հանրագրի ինստիտուտն ինքնին լավ ինստիտուտ է, եթե այն գործի, կիրարկվի: Սակայն այլ հարց է, թե ով է որոշողը: «Պետք է փորձել: Բայց ինչպես շատ ինստիտուտներ, դա էլ կմնա անարդյունավետ: Դա համարում եմ անհույս հնարավորություն՝ ինչպես տեղական հանրաքվեի ինստիտուտը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ այնպես չէ, որ այս ինստիտուտը ներդրվեց եվրոպացիների պահանջով: «Չեմ կարծում, թե եվրոպական պահանջ է, բայց դա միջոց էր կայուն քաղաքական մեծամասնության ինստիտուտի ներդրումը քողարկելու կամ որպես փոխհատուցելու միջոց հանրային դժգոհությունների, որը, սակայն, իր դերը չկատարեց դիսկուրսի ժամանակ»,- եզրափակեց Սաքունցը: