Դատարանը Կենտրոնական բժշկական հանձնաժողովից պահանջեց դատարան ներկայացնել զորակոչիկին պիտանի ճանաչելու հիմքերը
11:55, July 21, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2017 թ. հուլիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց զորակոչիկ Տ. Մ.-ի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման դեմ Տ. Մ.-ի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի հայցի քննությունը:
Վերջիններս պահանջում են վերացնել ԿԲՀ 2016 թ. հունվարի 30-ի որոշումը, որով Հանձնաժողովը, անտեսելով հայցվորի առողջական վիճակի մասին ախտորոշումները, կիրառել է ՀՀ ՊՆ 410-13 հրամանի համապատասխան դրույթներ և զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչել: Այնինչ նրա ունեցած առողջական խնդիրների պարագայում կիրառելի են նույն հրամանի այլ դրույթներ, որով Տ. Մ.-ը կարող էր առնվազն 1 տարով տարկետում ստանալ:
Բացի դրանից՝ Հանձնաժողովն իր որոշումը կայացնելիս հենվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքների վրա, ինչի իրավունքը չի ունեցել:
Հուլիսի 20-ին կայացած նախնական դատական նիստին պատասխանող կողմը չէր ներկայացել, հայցադիմումի պատասխան ևս չէր ներկայացրել:
Տ. Մ.-ի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան: Որից հետո, դատարանը, հաշվի առնելով այն, որ քննվում է վիճարկման հայց, իսկ այդ դեպքում ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը, որոշեց պատասխանող ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովից պահանջել զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ որոշման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը և այդ հիմքով հետաձգեց դատական նիստը:
Հաջորդ նիստը նշանակված է 2017 թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին: