Գյումրու սպանդը կստիպի, որ հասարակությունը հրաժարվի միֆերից.Սաքունց
18:33, January 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳյումրիում իրականացված ոճրագործությունն ըստ էության բացահայտեց մի շարք կարեւոր խնդիրներ, որոնք մինչ այդ միայն հասարակության քիչ շրջանակների համար էին ակնհայտ կամ հասկանալի: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ հստակ դարձավ այն, որ միֆ է, թե ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության երաշխավոր է:
«Իհարկե, միֆերից հրաժարվելը միշտ շատ դժվար է եւ, երեւի թե, սա լրացուցիչ եւ էական ազդեցություն ունեցավ, քանի որ հայ հասարակությունն ուներ պատկերացում, թե ով է իր թշնամին եւ ումից կարող էր սպասել վտանգներ՝ չնայած ռուսական ռազմաբազայի հետ կապված խնդիրների միշտ առնչվել է: Նման տիպի ոճրագործություն, որ կապվի ռուսական բազայի հետ, դա անակնկալ էր եւ հանրությունը անակնկալի եկավ եւ դա կարեւոր գործոններից, հետեւանքներից մեկն է, որ հանրությունը ստիպված է լինելու հրաժարվելու ռուսական բազան որպես անվտանգության երաշխավորի այդ միֆից, որը շատ դժվար է՝ իհարկե»:
Պարզ դարձավ նաեւ, որ Հայաստանի իշխանություններն արտաքին հարաբերությունների մեջ էլ հանդես չեկան քաղաքացիների շահերի պաշտպանության դիրքերից՝ հավելեց Արթուր Սաքունցը: Նրա ձեւակերպմամբ՝ դա եւս միֆ էր, որից հանրությունը ստիպված է հրաժարվելու, ինչը նույնպես ցավագին է լինելու: Ըստ Սաքունցի՝ այդ ամենով հանդերձ հասարակությանը համակել է անտերության զգացումը:
Սաքունցը նաեւ անընդունելի համարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որը վերաբերում է ադրբեջանցի դիվերսանտին արտահանձնելուն, ով ՌԴ քաղաքացի է: Եթե Ադրբեջանին մեծաքանակ զենքի մատակարարումը բացատրվեց բիզնեսի տեսանկյունից, ապա այս դեպքում՝ չկա նման պատճառաբանություն, հետեւաբար մնում է դա ընկալել որպես Ռուսաստանի կողմից հայտնի դիվերսիայի պատասխանատվության ստանձնում: Սաքունցը նկատում է նաեւ, որ առաջին անգամ մի իրավիճակի ենք բախվում, երբ մի կողմ է դրվում ՀՀ օրենսդրությունը եւ գերակա ուժ է ստանում ու գործում ՌԴ սահմանադրությունն ու օրենսդրությունը:
«Միանշանակ է, որ, ես ֆիքսում եմ, ՌԴ պետական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ գործընկերային եւ բարեկամական չէ: Թե հիմա ինքը համագործակցում է Ադրբեջանի հետ, թե՝ ոչ, ինձ համար դժվար է ասելւ, բայց Լավրովի այդ արտահայտությունը խոսում է այն մասին, որ ավելի լուրջ գործոններ կան խոսելու ռուս-ադրբեջանական համագործակցության մասին, քան կարելի է պատկերացնել»:
Սաքունցը մտահոգություն հայտնեց նաեւ Պերեմյակովի անվտանգության առնչությամբ՝ որպես Գյումրիում իրականացված սպանդի միակ վկա, ինչի դեպքում ընդհանրապես կզրկվենք հանցագործության բացահայտման բոլոր հնարավորություններից:
Աղբյուրը՝ www.armradio.am
Այս մասին նաև՝ nt.am