Եթե մտահոգված են ծխելու դեմ պայքարով, թող սկսեն կառավարությունից, ոչ թե զինվորներից. Սաքունց
18:09, February 22, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներՀՀ պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի համար խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի հատկացումը:
Ինչպես գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ՊՆ-ի դեպքում խոսքը պայմանագրային զինծառայողների մասին է, որոնց օրական 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար:
Tert.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ փոփոխությունը խախտում է զինվորի պարենային ապահովման տրամաբանությունը:
«Եթե ծխախոտը հանում են, ապա դա պարենով, մեկ այլ սննդամթերքով պիտի փոխարինեն: Ժողովրդի մեջ տարածված, այսպես կոչված, «պալուչկա»-ն կա: Ծխախոտ կարելի է այդ գումարից գնել: Իսկ այստեղ սննդային փոխարինում պիտի լինի: Երաշխիք չկա, որ ծխախոտի այդ գումարը զինվորին կհասնի: Զինվորի սննդային ապահովման համար գումար է հատկացվում, բայց դա առանձին զինվորներին չի տրվում, որ մարդիկ չգնան իրենց համար սնունդ փնտրեն-գտնեն, ճաշարանում են պատրաստում, տալիս են զինվորին, հիմա եթե ծխախոտը չեն տալիս, խախտում են այս շղթան, ընդհանուր գումարից ծխախոտը հանում են, բա փոխարենը ի՞նչ են տալիս: Ուրեմն մնացած սնունդի համար հատկացվող գումարն էլ պիտի տան զինվորին, որ իր համար սնունդ գտնի: Բայց սա աբսուրդ է չէ՞»,- նշեց իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ լավագույնը կլիներ այն, որ ծխախոտի դիմաց այլ սննդամթերք հատկացվեր, իսկ ծխախոտը գնվեր «պալուչկայից»:
Դիտարկմանը, թե զինվորներ կան, ովքեր չեն ծխում և հակափաստարկ է բերվում ու նրանք հնարավորություն կունենան իրենք որոշել՝ ծխախոտ գնել, թե ոչ, Սաքունցը հարցով պատասխանեց. «Այն ժամանակ, երբ հատկացվում էր, չծխողներ չկայի՞ն»:
Ինչ վերաբերում է նախարարության կողմից բերված հիմնավորմանը, թե փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներով (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև ՀՀ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներով, Սաքունցն ասաց, թե կառավարությունը որևէ կերպ պիտի հիմնավորեր որոշումը: «Եթե մտահոգված են ծխելու դեմ պայքարով, թող սկսեն կառավարությունից, իրենք էլ ծխող են, չէ՞»,- նշեց իրավապաշտպանը: