Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տասներորդ դատական նիստի մասին
16:59, March 22, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի մարտի 18-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տասներորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Այս դատական նիստին շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը, որի շրջանակներում հետազոտվեցին քրեական գործի 5-9-րդ հատորները:
Հրապարակեց փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Վ. Պերմյակովի և նրա ծառայակիցների մեզի և արյան մեջ ալկոհոլի կամ հոգեմետ նյութերի առկայություն չի եղել:
Ապացույցների հետազոտման փուլում անդրադարձ կատարվեց նաև հայ-թուրքական սահմանին տեղակայված պոմպակայանի հարակից տնակին, որտեղ, ըստ նախնական վարկածի, պատսպարվել է Վ. Պերմյակովը:
Չնայած նրան, որ Վ. Պերմյակովի ցուցմունքի համաձայն՝ ինքն այնտեղ մնացել է 10-21 ժամ, վերջինիս հետքերը պոմպակայանի հարակից տնակում չեն հայտնաբերվել այն դեպքում, որ Ավետիսյանների բնակարանում անցկացնելով ընդամենը 15 րոպե՝ հասցրել էր ծխախոտի մնացորդներ թողնել:
Հրապարակվեց նաեւ դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ ինքնաձիգի փողում առկա են կրակոցի արգասիքներ, սակայն կրակոցի վաղեմությունը պարզել հնարավոր չէ՝ համապատասխան հիմնավորված գիտական մեթոդիկայի բացակայության պատճառով:
Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին: