Հայ եվրոպամետները քաղաքական և քաղաքացիական դաշինք են ստեղծում
11:23, May 22, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄԴիտարկելով եվրոպական ուղղությունը որպես ինքնիշխանության, անվտանգության և համակողմանի զարգացման երաշխիք՝ հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական շարժումները ներկայացնող մի խումբ մարդիկ ստեղծում են «Եվրոպական ընտրություն» քաղաքական և քաղաքացիական դաշինքը:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց նախաձեռնության անդամ, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ «Եվրոպական ընտրություն» դաշինքը փորձելու է կանխել Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը, հակառակ դեպքում կարճ ժամանակ անց մարդիկ իրենց մաշկի վրա կզգան դրա հետևանքները։
«Կյանքը կհուշի, որ պաշտոնական մակարդակով հայտարարված և ընդունված ճանապարհը կործանարար է։ Սպասվում է տնտեսական, սոցիալական լուրջ խնդիրներ, արտագաղթի ուժգնացում և երկրի ինքնիշխանության կորուստ»,- ասաց Նավասարդյանը։
Բնապահպան Աննա Շահնազարյանն ասում է՝ սեպտեմբերի 3-ից հետո քաղաքացիական շարժումները ավելի հուժկու ու կոշտ դիմադրության են հանդիպում, ինչպես Ռուսաստանում է։ Միանալով այս նախաձեռնությանը՝ Շահնազարյանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանում կան եվրոպական արժեքները կիսող մարդիկ։
«Հայ-ռուսական անվան տակ, բացարձակապես ռուսական ֆինանսավորում, դեպի ռուսական գաղութացում տանող կեղծ խմբեր են ստեղծվում, որոնք փաստացի խանգարում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները։ Մաքսային միության կամ Եվրասիական միության անդամագրության համատեքստում ես՝ որպես քաղաքացի, իմ իրավունքների իրացումը հնարավոր չեմ համարում, եթե Ռուսաստանն է այդ օրինակելի պետությունը»,- ասաց բնապահպանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը՝ հասարակական կազմակերպությունները չեզոքացնելու մասին, վկայում է, որ Մոսկվան ջղաձգվում և անհանգստանում է թեկուզ սակավամարդ դժգոհությունից, որը կարող է մեծանալ: Ըստ իրավապաշտպանի, Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը լուռ համաձայնությամբ աջակցում են Մաքսային միությանն անդամակցությունը, իրենց դաշինքը փորձելու է ընդգծել, որ եվրոպամետ ուժերն էլ քիչ չեն։
«Մեզ համար կարևոր է կանխարգելել ՄՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու գործընթացը, որովհետև դա ուղղակի սպառնալիք է, պուտինյան վարչակազմի և ռեժիմի գերիշխանությունը հաստատելու ուղղակի ծրագիր»,- ասաց Սաքունցը։
Նախաձեռնությանը միանալու հրավերներ էին ուղարկվել նաև մի շարք քաղաքական ուժերի, սակայն, այսօրվա հավաքին որևէ կուսակցության առաջնորդ չէր ներկայացել։
Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը հրաժարվել է միանալ դաշինքին։ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընդգծել է, թե իրենք կողմնակից են «ոչ-ոչ»-ի քաղաքականությանը։
Մի շարք ուժեր էլ, այդ թվում՝ «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը մտադիր են հարցը իրենց վարչության նիստերում:
Բորիս Նավասարդյանի կարծիքով, հայաստանյան քաղաքական ուժերը չեն ցանկանում Կրեմլի հետ հարաբերությունները փչացնել, Ռուսաստանը ազդեցություն ունի ֆինանսական լծակներ ունեցող մարդկանց վրա, և եվրոպամետ դաշինքին միանալը ռիսկային է: Նավասարդյանն, այնուամենայնիվ, հույս ունի, որ որոշ կուսակցություններ կմիանան դաշինքին։
«Եթե չլինեն, դա կնշանակի, որ Հայաստանում օրակարգային է նոր քաղաքական ուժ ձևավորելու խնդիրը, որը ունի հստակ եվրոպական ընտրության գաղափարախոսություն»։
«Ժառանգություն»-ից բացի, խորհրդարանական մյուս ուժերին հրավերներ չեն ուղարկվել։ Ինչպես տեղեկացրեց Աննա Շահնազարյանը, նախաձեռնող խումբը չի դիմել այն ուժերին, որոնք միանշանակորեն անդառնալի չեն համարում Մաքսային միությանն անդամակցությունը։ Հիշեցնենք, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էր անշրջելի որակել Կրեմլի նախաձեռնած այս միությանը անդամակցելը։
Աղբյուրը՝ www.azatutyun.am