Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստին ներկայացվեց հակընդդեմ հայցը
11:58, May 22, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. մայիսի 18-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, կայացավ ըստ հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Տարոն Սիրադեղյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ Տարոն Սիրադեղյանը ձերբակալվել և տեղափոխվել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժին, որտեղ կազմվել էր վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու և ոստիկանության շղթան ճեղքելու համար:
2015 թ. մայիսի 18-ի դատաքննությանը մասնակցում էին հայցվոր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը, պատասխանող և միաժամանակ հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանը ու վերջինիս ներակայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ա. Դեմիրխանյանը դատարան ներկայացրեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի 2014 թ. հունիսի 23-ի հաշվառման գրանցամատյանի քաղվածքը, որտեղ արձանագրված էին Տարոն Սիրադեղյանի ձերբակալման և ազատման ժամը, որը չէր համապատասխանում հակընդդեմ հայցով ներկայացված ժամերին: Նախագահող դատավորի հարցերին ի պատասխան Ա. Դեմիրխանյանը հայտնեց, որ գրանցամատյանում արձանագրվում է ձերբակալման պահը, որը լրացվում է զեկուցագրի հիման վրա, սակայն լրացումները կատարվում են հերթապահ մասի ծառայողների կողմից: Դատարանը պարտավորեցրեց հայցվորի ներկայացուցչին գրանցամատյանի լրացման կարգը տրամադրել դատարանին:
Պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ փաստաթուղթը որպես ապացույց գործին կցելու վերաբերյալ դիրքորոշում կհայտնվի հաշվառման մատյանի լրացման կարգին ծանոթանալուց հետո:
Հայցվորի ներկայացուցիչն իր բացման խոսքում ներկայացրեց տարբեր իրավական ակտերով ամրագրված նորմեր, որոնք դրվել էին հայցի հիմքում: Մասնավորապես, ներկայացվեցին ոստիկանության լիազորությունները հավաքի և հասարակական կարգի պահպանության ընթացքում, երթևեկության ընթացքում հետիոտնի պարտականությունները, հղում կատարվեց նաև իրավախախտումները կանխելու նպատակով անձանց ձերբակալելու իրավունքներին, օրինական պահանջի պարտադիրության և դրա չկատարման համար նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելուն վերաբերող դրույթներին:
Պատասխանողի ներկայացուցչի հարցին ի պատասխան Ա. Դեմիրխանյանը նշեց, որ ձերբակալման հիմքը եղել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը: Այն հարցին, թե արդյոք այդ հիմքերը ներկայացվել են պատասխանողին, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ բոլոր անձանց հիմքերը ներկայացվել են, բնականաբար ոստիկանը չէր կարող երկար հիմք ներկայացնել, սակայն չկարողացավ նշել, թե ում կողմից են ներկայացվել հիմքերը, նշեց, որ գուցե՝ զեկուցագիր ներկայացնողի կամ նրա կողքի աշխատակցի կողմից:
Պատասխանողի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը ներկայացրեց հայցի դեմ իր առարկությունները, որով հիմնավորումներ ներկայացվեցին վարչական իրավախախտման դեպքի բացակայության վերաբերյալ, մասնավորապես, նշվեց, որ նախ ըստ հայցի Հ. Շահպարոնյանին ներկայացված պահանջը կատարելու պարտականություն Տարոն Սիրադեղյանը չի կրել, բացի այդ, ինչպես Տարոն Սիրադեղյանին անմիջականորեն, այնպես էլ հավաքի մասնակիցներին որևէ պահանջ չի ներկայացվել: Պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ նույնիսկ պահանջ հնչեցնելու հանգամանքն ընդունելու դեպքում պետք է բավարար ապացույցներ ներկայացվեն Տարոն Սիրադեղյանի կողմից օրինական պահանջին չենթարկվելու վերաբերյալ: Առարկությամբ հայտնվեց, որ արձանագրությամբ որպես Տարոն Սիրադեղյանի կողմից կատարված արարք նշվել է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը և ոստիկանական շղթան ճեղքելը, մինչդեռ հայցի մեջ որպես կատարված արարք նշվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ինչպես նաև հետիոտների անցուդարձը խանգարելը, որի մասին ներկայացվել է զեկուցագրի մեջ, իսկ անձի մեղավորության կամ անմեղության հաստատման համար պաշտոնատար անձը որևէ այլ հնարավոր ապացույց ձեռք չի բերել, մինչդեռ նա կրում է վարչական իրավախախտման վերաբերյալ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելու պարտականությունը:
Հայցվորի ներկայացուցիչ Ա. Դեմիրխանյանն ամբողջովին առարկեց Տաթևիկ Սիրադեղյանի առարկությամբ ներկայացված հիմնավորումների դեմ, հայտնելով, որ Հ. Շահպարոնյանին պահանջ ներկայացնելու նշումը վրիպակ է, և դա չի նշանակում, որ Տարոն Սիրադեղյանին պահանջ չի ներկայացվել, նշեց, որ ոստիկանության աշխատակիցները չեն կարող պահանջ ներկայացնելիս դիմել անձին իր անվամբ և ազգանվամբ, քանի որ այդ պահին անձանց ինքնությունը դեռևս պարզված չէ: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ նշված արարքի վերաբերյալ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ շենքերի բակերը շրջանցելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքին մոտենալը ևս նշանակում է ոստիկանության շղթան ճեղքել, հետագայում դատարանի և պատասխանող կողմի հարցադրումների արդյունքում պատասխանող կողմն ընդունեց, որ ամեն դեպքում Տարոն Սիրադեղյանը շրջանցել և ոչ թե ճեղքել է ոստիկանության շղթան: Միաժամանակ, հայցվոր կողմը չկարողացավ հստակ նշել, թե որ հատվածում է Տարոն Սիրադեղյանին օրինական պահանջ ներկայացվել և որ հատվածից է նա ձերբակալվել:
Այնուհետև, պատասխանող և միաժամանակ հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչը ներկայացրեց հակընդդեմ հայցը: Նախ ներկայացվեցին այն փաստական հիմքերը, որոնք դրվել են հակընդդեմ հայցի հիմքում, որից հետո ներկայացվեցին հակընդդեմ հայցի իրավական հիմքերը և հիմնավորումները: Մասնավորապես, հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ ոստիկանության ծառայողների և ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների գործողությունները խախտել են հակընդդեմ հայցվորի՝ հավաքների ազատության, իր կարծիքն ազատ արտահայտելու, ազատ տեղաշարժի և անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքները, որոնք ամրագրված են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայով: Հակընդդեմ հայցի շրջանակներում հիմնավորումներ ներկայացվեցին ՀՀ ոստիկանության կողմից հավաքն անօրինական կարգով սահմանափակելու, հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության վրա դրված պարտականությունները չկատարելու, հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման, դրա գործադրման ընթացակարգի խախտումների, անօրինական կարգով ձերբակալելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում օրենքով սահմանված ժամկետից երկար պահելու վերաբերյալ:Անօրինական կարգով ձերբակալելու հիմնավորումների հիմքում դրվել էր այն փաստը, որ հավաքի ընթացքում Տարոն Սիրադեղյանին որևէ պահանջ չի ներկայացվել, որի դեպքում չի առաջացել այդպիսի պահանջը կատարելու պարտականությունը:
Հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ Ա. Դեմիրխանյանը նշեց, որ առարկում է հակընդդեմ հայցի դեմ, որի վերաբերյալ դատարան ներկայացվել էր գրավոր պատասխան:
Կողմերի բացման խոսքերի ավարտից հետո քննարկվեցին տեսաձայնագրությունները դիտելու և զեկուցագիր կազմած ոստիկանության աշխատակցին որպես վկա դատարան հրավիրելու հարցերը:
Ա. Դեմիրխանյանը գտավ, որ անհրաժեշտ է նախ դիտել դատավարության երկու կողմերի ներկայացված տեսաձայնագրությունները, այնուհետև՝ քննարկել զեկուցագիրը կազմած ոստիկանության աշխատակցին որպես վկա դատարան հրավիրելու և հարցաքննելու անհրաժեշտությունը:
Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչը առարկություններ չներկայացրեց:
Տեսաձայնագրությունների համապատասխան հատվածները դատարանին ներկայացնելու, ինչպես նաև դրանց դիտման տեխնիկական հնարավորություն ապահովելու նպատակով դատարանը գտավ, որ սույն գործով անհրաժեշտ է նշանակել ևս մեկ դատաքննություն: Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. հունիսի 12-ին, ժամը 14:30: