Ցուցակը ԱԱԾ-ում եղել է նաեւ նախկինում, բայց այլ բանի համար էր ծառայում
12:03, May 22, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱպօրինի հարստացածների բացահայտման վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հայտարարությանը պետք է հետևեն գործերի հարուցումն ու պատիժները: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն օրերս ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ շուտով կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց անուններ: Ըստ նրա՝ Հայաստանում 350 մարդ կա, որոնց անունով բիզնեսներ են բացված, սակայն նրանք հարկեր չեն մուծում, քանի որ նրանց անձնագրերը վերցրել ու բիզնես են բացել: Վանեցյանը խոստացել է մայիսի 23-ից մեկնարկել ապօրինի հարստացածների դեմ պայքարը:
Արթուր Սաքունցի խոսքով՝ ԱԱԾ տնօրենի քայլն առաջին հերթին կարող է լինել եղած տեղեկատվության հրապարակումը: «Դրա հիմքով պետք է նաև քրեական գործեր հարուցվեն և քննություն իրականացվի: Սա կտրուկ քայլ չէ, անհրաժեշտ միջոցառում է: Կարծում եմ՝ մայիսի 23-ին մենք այդ հրապարակումները կտեսնենք: Ես համոզված եմ, որ այդ տեղեկատվությանը տիրապետում էին նաև նախկինում, բայց այլ նպատակներով էին օգտագործում, այն է՝ մարդկանց նկատմամբ ճնշումներ բանեցնելու և կառավարելի կոռուպցիան ապահովելու համար»,- նշեց նա:
Ըստ իրավապաշտպանի՝ իրականում դա կոռուպցիոն ամբողջ շղթայի մի մասն է միայն: Հաջորդ քայլով պետք է ընթացք տալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ բացահայտումներին:
«Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ ունենք: Ես նկատի ունեմ հենց օֆշորային սկանդալները՝ պանամական և կիպրոսյան, որոնք նախորդ իշխանությունների օրոք այդպես էլ քննության առարկա չեն դարձել: Դրանք նորից պետք է բարձրացվեն, ներկայացվեն դատախազություն կամ Հատուկ քննչական ծառայություն՝ քննություն իրականացնելու համար: Այսինքն՝ կան հնարավորություններ, գործիքներ, առավել ևս փոխված իրավիճակ, որի շրջանակներում պետք է անպայման այդ հրատապ գործողությունները կատարել»,- ասաց Սաքունցը: