Եթե լուրջ պատիժ չլինի, տարեց մարդուն ապտակի դեպքը ոստիկանների համար նախադեպ կդառնա
19:03, August 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպանները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել երեկ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակած ոստիկանության ավագ լեյտենանտին: Ոստիկանությունն արդեն հայտնել է, որ դադարեցվել են այս ոստիկանի լիազորությունները: Իրավապաշտպաններն այս դեպքը ոստիկանության պրակտիկայում արտառոց են համարում, քանի որ բացահայտ ու տեսախցիկների աչքի առաջ բռնություն է գործադրվել ծեր մարդու նկատմամբ, ով որևէ ապօրինի գործողություն չէր անում այդ պահին:«Վերջին շրջանում աննախադեպ երևույթ էր սա, կոպիտ վերաբերմունք մենք ոստիկանության կողմից շատ ենք արձանագրել, բայց այսպիսի բացահայտ բռնությունն աննախադեպ երևույթ էր: Կարծում եմ, որ պետք է քրեական գործ հարուցվի և այդ ոստիկանն անպայման պատիժ կրի»,- Lragir.am-ին ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:Նրա խոսքով՝ չպետք է բավարարվել միայն ծառայողական քննությամբ, իսկ հասարակությունը պետք է հետևողական լինի, որ ոստիկանը արժանի պատիժ կրի: Իրավապաշտպանի խոսքով՝ եթե լուրջ պատիժ չլինի, ապա այս դեպքը նախադեպ կլինի ոստիկանների կողմից բռնությունների շարունակականության տեսակետից: «Այդ դեպքում կարող ենք ասել, որ ուրեմն ոստիկանության դեմքն այդպիսին է: Բայց այս մի դեպքով չենք կարող նման եզրահանգում անել, որ դա ամբողջ ոստիկանության դեմքն է, բայց ամեն ինչ կերևա պատժից»,- ասաց Իշխանյանը:Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսով՝ ոստիկանի նման պահվածքը ոչ միայն անհարիր է այն գործառույթներին, որոնք պետք է իրականացնի նա, ավելին, ինքնին դա խուլիգանական արարք է և պաշտոնեական դիրքի չարաշահում: «Առանց այն էլ ոստիկանության նկատմամբ հասարակության անվստահության պարագայում այս դեպքն էլ ավելի նսեմացրեց այդ կառույցի հեղինակությունը: Իհարկե, կարևոր է, որ նրա լիազորությունները դադարեցվել են, բայց պետք է հաշվի առնել, որ նա ոստիկանության ավագ լեյտենանտ է, այսինքն՝ բավական երկար աշխատանքային ճանապարհ է անցել, և դա ցույց է տալիս, որ ոստիկանության համակարգում աշխատակիցների ծառայողական պարտականությունների գնահատման գործում լուրջ խնդիրներ կան»,- ասաց նա:Սաքունցի խոսքով՝ պաշտոնի առաջխաղացման ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվել մարդու պատրաստվածության մակարդակին, պետք է բավական լուրջ աշխատանք տարվի ոստիկանության աշխատակիցների շրջանում նրանց վարքագծի շտկման ուղղությամբ: Այս խնդիրները, նրա խոսքով, պայմանավորված են այն իրավիճակով, որում գտնվում ենք բոլորս, այդ թվում՝ ոստիկանությունը: Իրավապաշտպանը նկատում է, որ ոստիկանությունն ակնհայտորեն ոչ հետևողական պահվածք ունի, երբ խոսքը վերաբերվում է իշխանության կողմնակիցների ապօրինի գործողություններին: Նման օրինակներ հատկապես վերջին շրջանում շատ են եղել: «Այսինքն՝ ինքը համակարգային խնդիր է, և դա ավելի շատ քաղաքական համակարգի որակի խնդիրն է, այն գործոնների խնդիրն են, որոնք որոշում են, թե ինչպես պետք է իրեն պահի ոստիկանությունը: Իսկ այդ գործոններն իրենց բնույթով քաղաքական են, և ինչքան էլ փորձեն ներկայացնել, որ իբր ոստիկանությունը միայն օրենքին է ծառայում, իրականում ծառայում է իշխանությանը: Իսկ իշխանության վերաբերմունքը քաղաքացիական ակտիվությանը շատ ավելի կոշտ է»,- ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքեր լինում են նաև այլ անձանց հետ, սակայն ոչ հրապարակային:Միաժամանակ, Արթուր Սաքունցը նույնպես կարծում է, որ այս դեպքն արտառոց էր իր տեսակով: «Ես չեմ հիշում հրապարակային միջոցառումների ժամանակ նման ակնհայտ ու հրապարակավ բռնության փաստ: Այստեղ արդեն նաև բարոյական խնդիր է, որովհետև բռնությունը եղել է տարեց մարդու նկատմամբ, ով այդ պահին որևէ արտառոց գործողություն թույլ չէր տալիս: Այս ապտակն արտառոց է իր հրապարակային դրսևորման ձևով, որն ուղղված էր բոլոր մասնակիցներին: Սա շատ լուրջ մտահոգության հարց է, և կարծում եմ՝ պատասխանատվության, այդ թվում՝ նաև քրեական պատասխանատվության ենթարկելը բավարար չէ երևույթը գնահատելու համար, որովհետև այստեղ խնդիրը վերաբերում է լուրջ համակարգային հարցերին»,- ընդգծեց իրավապաշտպանը:Սաքունցի խոսքով՝ նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը չկարողացավ անտարբեր մնալ այս դեպքին, նույնիսկ այն դեպքում, երբ ընթացակարգը ենթադրում է, որ անմիջական դիմում պետք է լինի: Ըստ նրա՝ շատ կարևոր է, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունն ու Գլխավոր դատախազությունն այս հանցագործությանը տան նաև իրավական գնահատական: «Միաժամանակ, ոստիկանությունն ինքը լուրջ խնդիրներ ունի խաթարված հեղինակությունը պահպանելու հարցում, սա ես ինստիտուցիոնալ լուրջ պրոբլեմ եմ համարում: Բռնությունների ընդհանուր շարանի այս մթնոլորտում նման գործողությունը կարծես թե գալիս է ամրապնդելու բռնությունը՝ որպես խնդիրերի լուծման միակ միջոց մեթոդը, ինչը շատ վտանգավոր է»,- ասաց իրավապաշտպանը: