Նոր Սահմանադրության հիմքում իշխանությունը մեկ ուրիշին չհանձնելու անհագուրդ ձգտումն է
10:24, September 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանի սահմանադրությունը ժողովրդավարական զարգացման հնարավորություն չի տալիս, որովհետև սա միապետական սահմանադրություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Աշխատանքի իրավունքը Երևանում. օրենք և պրակտիկա ծառայությունների ոլորտում» զեկույցի քննարկման ժամանակ մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ միապետական սահմանադրությունն ու սահմանադրություն չունենալը նույն բանն է, որովհետև միապետական միջնադարյան Եվրոպան կարողացավ թոթափել միապետությունը և բերել իշխանության տարանջատման, ի վերջո՝ խորհրդարանական հանրապետության:
«Սա ներքևից պայքար է, որովհետև իշխանությունները երբեք իրենց կամքով իրենց իշխանությունը չեն սահմանափակում: Այս տեսակետից ինձ համար համոզիչ չէ իրենց իշխանությունը սահմանափակելու իշխանությունների ցանկությունը: Հատկապես երբ մի կողմից նրանք խոսում են, որ ՀՀԿ-ի իշխանությունը գրեթե հավերժ է, մյուս կողմից պիտի սահմանափակե՞ն իրենց իշխանությունը. սա մի փոքր անհասկանալի է:
Իսկ իշխանությունների տարանջատման հարցում դատարանների անկախությունը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում որևէ կերպ արտացոլված չէր: Ընդամենը խոսք էր գնում դատարանների եռաստիճան համակարգը երկաստիճանով փոխարինելու մասին: Ինչպես Վլադիմիր Նազարյանն էր ասում՝ եթե դատական համակարգի պորտալարը չկտրենք գործադիր իշխանությունից, ապա անկախ նրանից, թե ինչ բարեփոխում կանես, արդյունք չի լինելու»,- ընդգծեց Իշխանյանը:
Հաջորդը, ըստ նրա, տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնց եթե մարզպետների դիկտատից դուրս չբերես, ուզում ես խոշորացրու, ուզում ես համագործակցիր՝ ոչինչ չի փոխվի: «Իսկ հայեցակարգում ես դա չտեսա: Եթե այդ դրույթները չկան, ապա խորհրդարանական համակարգին անցումը լինելու է պսևդոխորհրդարանական»,- ասաց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նոր սահմանադրությունը կկարգավորի՞ աշխատանքային իրավունքների խնդիրը, Իշխանյանն արձագանքեց. «Եթե մենք իսկապես ունենանք իշխանությունների տարանջատում, դատարանը կապ չունենա գործադիրի հետ, ունենանք տեղական ինքնակառավարում, որը կբերի նաև քաղաքացիական հասարակության ձևավորման, նաև բիզնեսը կտարանջատենք պետությունից, ապա ինչ-որ ժամանակ հետո կլինի նաև աշխատանքային իրավունքների ապահովում: Սակայն, ցավոք, մեր հասարակությունը չունի իշխանությունների տարանջատման պահանջ, մարդիկ ավելի շատ սպասում են բարի թագավորի: Իսկ բարի թագավոր չի լինում, իշխանությունը լինում է կամ տանելի, կամ անտանելի»:
Նույն խնդրի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ, իհարկե, սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն կա և միշտ է եղել, մասնավորապես՝ դատական իշխանության անկախության ապահովման տեսակետից:
«Սակայն հաջորդ հարցը, որն ավելի կարևոր է, այն է, որ պետության ու քաղաքացու միջև սահմանված խաղի կանոնները խախտված են արդեն երկար ժամանակ, և խախտողները հայտարարում են, թե մենք խախտել ենք խաղի կանոները, ու որպեսզի էլ չխախտենք, եկեք փոխենք այդ խաղի կանոնները: Այսինքն՝ սահմանադրական փոփոխություններ է առաջարկում նա, ով միշտ խախտել է այդ խաղի կանոնները, ընտրություններ է կեղծել, իշխանությունների տարանջատման սկզբունքն է կեղծել: Չկա սահմանադրական մի նորմ, որ խախտած չլինի այս իշխանությունը:
Նման պարագայում սահմանադրական փոփոխությունների մասին խոսելը կեղծ է, թատրոն»,- ընդգծեց Սաքունցը:
Հարցին, թե ինչի էր պետք այս «թատրոնը», Սաքունցը պատասխանեց. «2018-ին հաջորդ նախագահական ընտրություններն են. Սերժ Սարգսյանն այլևս իրավունք չունի 3-րդ անգամ առաջադրվելու, և այստեղ ի հայտ է գալիս իշխանությունը մեկ ուրիշին չհանձնելու նրա անհագուրդ ձգտումը: Նրա շրջապատում չկա անձ, որին կարող են վստահել իշխանությունը: Միակ տարբերակը մնում է ՀՀԿ թայֆայակազմի իշխանության հավերժացման խնդրի լուծումը: Դա կարող է լինել միայն խորհրդարանական կառավարման դեպքում: Այդ դեպքում ՀՀԿ-ն դե ֆակտո մոնոպոլ դիրքը ամրագրում է և ստանում իրավական ուժ»:
Աղբյուրը՝ www.1in.am