«ԵՄ-ն կրակն է ընկել. իշխանությանը փող է պետք». Արթուր Սաքունց
17:07, January 20, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն օգտակար փաստաթղթի ստորագրումն առաջին հերթին տեղի ունեցավ ֆինանսական աջակցություն ստանալու համար: «Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանը պարոն Գրիգորյանը փաստաթուղթն օգտակար համարեց ու շեշտեց. «Ինձ համար գլխավորն այդ պայմանագրում այն է, որ հնարավորություն է տալիս գրեթե բոլոր ոլորտներում ունենալ այլընտրանք: Դրանցից ամենակարևորը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է»:
Հարցին՝ այդ համաձայնագրի ստորագրումը խա՞ղ էր, թե՞ ոչ, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Կառավարությանը պետք էր այդ պայմանագիրը շատ հասարակ պատճառով: ԵԱՏՄ շրջանակներում անհաջողություններն ուժեղանում են, վատթարանում է տնտեսական վիճակը, իշխանությունները գոնե դա գիտակցում են, և պարզ է, որ ուզում են աջակցություն ստանալ Եվրամիությունից»:
Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ այլընտրանք չլինելու պատճառով մենք մեծ գումարներ ենք մուծում գազի, էլեկտրականության և այլ հարցերի համար. «Պարզ է, որ սա չի հետաքրքրում կառավարությանը: Այդ մենք պետք է ճնշենք կառավարությանը, որ այլընտրանքներն աշխատեն: Առանց կոռուպցիայի դեմ պայքարի ոչ մի երկրում ոչինչ չի ստացվի»:
Իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն անդրադարձավ հարցին՝ ո՞րն էր այս պահին ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու նպատակը, այն դեպքում, երբ չորս տարի առաջ ավելի մեծ հնարավորություն կար, որը չօգտագործվեց: Այս առիթով նա նկատեց. «Ո՞րն էր նպատակը՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդգրկվեցինք նաև ԵԱՏՄ տիրույթում: Սա լրիվ այլ տնտեսական տիրույթ է: Այս փաստաթղթերը բացարձակապես որևէ ընդհանուր եզրեր չունեն: Երբ խոսում են և-և-ի մասին, ես դա չեմ հասկանում: Համեմատություն կարող է լինել այն դեպքում, երբ գոնե կան նույն արժեքային սկզբունքները, բայց չեմ հասկանում երկու անհամատեղելի համակարգերի համատեղումը»:
Պարոն Սաքունցը խորը մտահոգություններ ունի և կարծում է, որ ԵՄ-ն էլ է կրակն ընկել: Ըստ նրա՝ իշխանությունը գնացել է այդ քայլին, քանի որ փող չունի՝ թագավորը մերկ է:
Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն ՀԿ-ի վերլուծաբան Ռաֆայել Ավդալյանի համար ՀՀ-ԵՄ համաձայնագիրը գործիք է, որից մենք պետք է կարողանանք օգտվել. «Այսօր գյուղերում ապրող մարդիկ չգիտեն՝ համաձայնագիրն իրենց ինչ է տալու: Իրենց համար կարևորը սահմանները խաղաղ լինեն: Ասոցացման համաձայնագրում ընդհանրապես Արցախի խնդրի մասին ակնարկ չկար, այստեղ կա: Այս նոր փաստաթղթում մեջբերվում են Հելսինկյան ակտի երեք սկզբունքները, ինչն արդեն դրական է»: