Վերաքննիչը նույնպես համոզված է՝ ինքնահրկիզված մարդու մասին տեղեկություններ հրապարակած բժիշկը մեղավոր չէ
17:57, May 22, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ ՀՀ Քննչական կոմիտեի որոշման։ Կոմիտեն անցյալ տարվա սեպտեմբերին հրաժարվել էր քրեական գործ հարուցել «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նորայր Դավիդյանի դեմ, որը բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ էր հրապարակել 2016 թվականի հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ակցիայի ժամանակ ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ։
Դատարանում ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Պողոսյանը պնդել է, որ բժշկի դեմ բողոքն անհիմն է և հանցակազմի բացակայության պատճառով դատարանը պետք է մերժի դիմումը։
«Հարցազրույցում լրագրողը Նորայր Դավիդյանին հարցնում է՝ «ճի՞շտ է, որ Քաջիկ Գրիգորյանը իմունային անբավարարության վիրուսներ ուներ», ինչին ի պատասխան Դավիդյանը պատասխանել է՝ «այո, նա գրանցված է եղել մեզ մոտ և ստացել է բուժում, եղել է թմրամոլ»։ Այսինքն՝ Նորայր Դավիդյանը դիտավորություն չի ունեցել թմրամոլության հանգամանքը ի հայտ բերելու, այլ նա անմիջականորեն կապել է իմունային անբավարության վիրուսի առկայությունը թմրամոլությամբ տառապելու հետ։ Նորայր Դավիդյանը հրապարակել է իմունային անբավարարության մասին տեղեկությունը՝ ելնելով ծառայողական և մասնագիտական առաջնահերթությունից»,- նշել է դատախազը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավաբան Տաթև Սիրադեղյանը, իր հերթին, անդրադարձել է դատախազի հիմնավորմանը՝ պնդելով, որ Դավիդյանը նախաքննության ընթացքում ոչ մի անգամ չի նշել՝ արդյոք ունեցել է դիտավորություն, թե ոչ։
«Դավիդյանի կողմից հրապարակվել է երկու հիվանդությունների մասին տեղեկատվություն, և, չնայած վարույթն իրականացնող մարմինները կապում են այդ երկու հիվանդությունների մասին տեղեկությունը, սակայն կարծում եմ, որ դրանք չեն կարող որևէ առնչություն ունենալ միմյանց հետ, քանի որ ՄԻԱՎ-ի մասին տեղեկությունը հայտարարելուց հետո ոչ մի անհրաժետություն չկար հրապարակել նաև թմրանյութերից կախվածության առկայության մասին»,- նշել է Սիրադեղյանը։
Դատավոր Մհեր Արղամանյանը, միջամտելով իրավաբանի խոսքին, իր գնահատականն է տվել գործին՝ ըստ էության, պաշտպանելով դատախազի տեսակետը։ Նա ասել է, որ Քաջիկ Գրիգորյանի դեպքը հասարակական հնչեղություն ստացած դեպք էր, և հասարակությունը որոշակի պահանջ ուներ իմանալու, թե ինչու էր այդ մարդը նման քայլի դիմել, առավել ևս այդ օրերին («Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ ֊ խմբ․) և այդ միջավայրում․ «Արդյո՞ք անհրաժեշտ հասարակական շահ չկար իմանալու, թե ինչ է եղել։ Արդյո՞ք հասարակական շահը գերակա չէր թեկուզ առանց ՄԻԱՎ հիվանդության առկայության… հանրությանը տեղեկացնելու, թե այդ մարդու համար ինչը կարող էր շարժառիթ հանդիսանալ նման գործողություն անելու համար»։
Սակայն Սիրադեղյանը պնդել է, որ թմրամիջոցներ օգտագործելու փաստը չէր կարող որպես հանրային շահի համար կարևոր տեղեկատվություն ներկայացվել, քանի որ այն մի անձից մյուսին չի անցնում․ «Իսկ ինչ վերաբերվում է շարժառիթին՝ նյութերի նախապատրաստման փուլում հայտնի է դարձել, որ նման քայլ անելու շարժառիթը որևէ կապ չի ունեցել նրա թմրամոլության հետ։ Շարժառիթը կապված է եղել նրա բնակարանային խնդրի հետ, երբ Գրիգորյանը դիմել է դատական ատյաններին իր սեփականությունը պաշտպանելու համար, սակայն բոլոր ատյաններում նրա հայցը չի բավարարվել, և այդ քայլով նա իր դժգոհությունն է արտահայտել գործող դատական համակարգի անկախության և իշխանության նկատմամբ»։
Դատական նիստին ներկա կողմերի ելույթները լսելուց հետո դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, իսկ մի քանի րոպե հետո վերադարձել է նիստերի դահլիճ և վճռել՝ մերժել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը և անփոփոխ թողնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումը։
Epress․am-ի հետ զրույցում Սիրադեղյանը նշել է, որ դատարանի կողմից նման որոշում կայացնելն այնքան էլ անսպասելի չէր, քանի որ Հայաստանում դատարանները դեռևս այնքան էլ անկախ և անկողմնակալ չեն։ Իրավաբանը նաև տեղեկացրել է, որ այսօրվա որոշումը հավանաբար կբողոքարկվի նաև Վճռաբեկ դատարանում։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում 2016 թվականի հուլիսի 30-ին ակցիայի ժամանակ ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի քույրը՝ Ալվարդ Գրիգորյանը, դատի էր տվել «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն»-ի տնօրեն, Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին՝ պնդելով, որ վերջինս բանսարկել էր իր եղբորը և բժշկական գաղտնիք համարվող տեղեկություն էր հրապարակել։ Գրիգորյանի քույրը հայտարարել էր, որ իր եղբայրը ոչ թե ՄԻԱՎ է ունեցել, այլ հեպատիտ C, որի պատճառով երկու ամիս հետո պետք է գնար Ֆրանսիա բուժվելու։ Նշենք, որ Դավիդյանը նաև Գրիգորյանի մահից հետո կոչ էր արել բոլոր բուժաշխատողներին, որոնք առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և շփվել այդ մարդու հետ, անցնել բժշկական գաղտնի քննություն։