Զինծառայող Գ. Խաչատրյանի մահվան գործով գանգատը ՄԻԵԴ-ը կքննի առաջին իսկ հնարավորության դեպքում
18:54, May 22, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2014 թ. հունիսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Գրիշա Խաչատրյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2015 թ. հունիսի 20-ին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ տուժող կողմի՝ Գ. Խաչատրյանի իրավունքների խախտումները վերացնելու և գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու վերաբերյալ բողոքները մերժվել էին ինչպես դատախազության, այնպես էլ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների կողմից:
Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թ. ապրիլի 20-ի որոշումն ստանալուց հետո Գ. Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը նաև վճռաբեկ բողոք է ներկայացրել: Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել:
Գ. Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանի՝ ՄԻԵԴ ներկայացրած գանգատը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների վրա:
Գանգատում ընդգծվել է, որ քննչական մարմնի առաջ քաշած վարկածը, համաձայն որի՝ Գ. Խաչատրյանը մահացել է իր կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու արդյունքում արձակված կրակոցներից, հիմք է տալիս պնդելու, որ վերջինիս պատշաճ ձևով չեն բացատրվել դրանք: Ինչը անձնակազմի նկատմամբ զորամասի հրամանատարության թույլ վերահսկողության արդյունք է: Չնայած դրան՝ զորամասի հրամանատարական կազմից որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Պետությունը անկախ և արդյունավետ քննություն չի իրականացրել մեղավորների բացահայտման և համարժեք պատժի նշանակման ուղղությամբ:
Ավելին՝ պատշաճ բժշկական օգնության հնարավորություն չի եղել ոչ մարտական դիրքում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ոչ էլ դրան հարող տարածքում, ինչ անհնար է դարձրել Գ. Խաչատրյանին առաջին բուժօգնության տրամադրումը: Այսպիսով՝ պետությունը չի կատարել իր իրավասության տակ գտնվող անձանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու իր պարտավորությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է գանգատի ստացումը, այն կքննվի առաջին իսկ հնարավորության դեպքում: