Արդյո՞ք Պերմյակովը շփոթել է Ավետիսյանների բնակարանը… չի բացառվում, որ գործով նոր էական հանգամանքներ առաջ գան
15:46, January 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԱվետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սույն գործով արդար դատաքննության նկատմամբ վստահությունը խարխլվեց ի սկզբանե, երբ որոշվեց, որ դատավարությունն անցկացվելու է ռուսական ռազմաբազայի տարածքում: Այսօրվա նիստին Արթուր Սաքունցը հայտարարեց, թե այն տպավորությունն է, որ դատարանը սույն գործով որպես կողմ է հանդես գալիս, ինչը հակասում է նորմալ դատավարության անցկացմանը: «Ես, ճիշտ է, չեմ կարող փաստեր բերել, բայց որ դատավորն ակնհայտորեն հանդես է գալիս որպես կողմ, որն իր կարգավիճակին չի համապատասխանում եւ ներկայացնում է բոլորովին այլ, շահագրգիռ, տվյալ դատական նիստում ներկա չլինող, բայց շահագրգիռ անձի շահերը, դա միանշանակ է, եւ իհարկե դա բավական լուրջ մտահոգիչ գործոն է եւ սահմանափակող գործոն է արդար դատաքննության անցկացման եւ դատավարության նկատմամբ վստահության տեսակետից»,- ասաց Արթուր Սաքունցը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում Արթուր Սաքունցը կասկածելի համարեց այն, որ Ավետիսյանների հարեւանները դեպքի օրը մինչեւ 12:00-ն բացահայտ անտարբերություն եւ տարօրինակ պահվածք են ցուցաբերել: Արթուր Սաքունցն ասում է՝ պարզ է, որ Ավետիսյանների հարեւանների շրջանում առկա է եղել վախի գործոնը, սակայն մտահոգիչ հարցեր կան:
«Շատ կարեւոր էր ինձ համար վերստին ականատեսի, վկայի կողմից վկայության միջոցով ամրագրել վիճակը, վերջին հաշվով, եթե մարդկանց մոտ եղել է վախ, որի պատճառով նույնիսկ տնից դուրս չեն եկել: Դա շատ կարեւոր է արձանագրել նախաքննության օբյեկտիվության տեսանկյունից, քանի որ եթե քննության ընթացքում հանցագործության կարեւոր վկաները, որպիսին հանդիսանում են հարեւանները, նման պահվածք են ունեցել, ապա դա մտահոգիչ է օբյեկտիվության տեսանկյունից, ավելին, մարդիկ ժամը 12-ի մոտերքը դեռեւս տանից դուրս չեն գալիս, հետո մյուսը, որ կրակոցների ձայների մասին, ըստ էության, որեւէ հստակ վկայություն չեն տալիս, այսինքն՝ այստեղ կա ակնհայտ վախեցնող գործոն, ու թե ինչումն է կայանում այդ հանգամանքը, պետք է պարզվի: Ես կասկածներ շատ ունեմ, բայց չեմ կարծում, որ միայն սովորական մարդկային վախով, զգուշությամբ պայմանավորված լինի»,- նշեց նա:
Անդրադառնալով շրջանառվող այն վարկածին, որ ամբաստանյալ Պերմյակովն ուղղակի շփոթել է բնակարանն ու հարակից փողոցի 188 տան փոխարեն մուտք գործել Ավետիսյանների բնակարան, Արթուր Սաքունցն արձագանքեց. «Կարող է լինել նաեւ նման վարկած, բայց առայժմ եկեք չծավալվենք այդ հարցի շուրջ, ու դեռեւս դատաքննության ընթացքում հարցերի միջոցով դրա հետ կապված պարզաբանումներ լինեն, քանի որ ես իզուր չէ, որ անդրադարձա բոլոր հարեւաններին, թե ովքեր են հարեւանները, ինչով են զբաղվում, ինչ առնչություն ունեն, այսինքն՝ կարող է ընթացքում նոր հանգամանքներ պարզվեն»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը եւս մեկ անգամ նշեց, թե Պերմյակովը մեղադրվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, սակայն վերջինիս միաժամանակ ՌԴ կողմը մեղավոր է ճանաչել ապօրինի զենք կրելու եւ մարտական հերթապահության վայրը լքելու հիմքերով, ուստի կարեւոր է իմանալ այդ գործին առնչվող բոլոր մանրամասները եւս:
«Կարեւորությունը հենց կայանում է նրանում՝ իմանալու համար այն հանգամանքները, որոնք հանգեցրել են Պերմյակովի կողմից ռուսական բազայի տարածքը ոչ միայն լքելուն, այլ զենքն ապօրինաբար վերցնելուն եւ դուրս գալուն, քանի որ այդ նույն զենքով է, որ հանցագործություն է կատարվել, բայց առանց որեւէ հիմնավորման՝ դատարանն այդ միջնորդության դիտարկումը հետաձգեց»,- եզրափակեց մեր զրուցակիցը: