Բաղրամյանում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը հետաձգվեց
18:29, January 23, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. հունվարի 23-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, քննության առնվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից՝ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանի՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ներկայացված բողոքը:
Հիշյալ որոշմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը մերժել էր քրեական գործ հարուցել «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանի կողմից 2016 թ. հուլիսի 31-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման փաստի առթիվ:
Բողոքի քննությանը մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, վարույթն իրականացրած քննիչ Կ. Խանումյանը, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանը: Վերջիններս դատարանին բացարկի միջնորդություններ չունեին: Դատարանն ստուգեց կողմերի ինքնությունը, լիազորությունները ու պարզեց, որ ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանը չունի համապատասխան լիազորագիր բողոքի քննությանը մասնակցելու համար:
Դատարանը որոշեց բողոքի քննության կարգը, որից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը ներկայացրեց բողոքի հիմքերը և հիմնավորումները: Վերջինս նշեց, որ Ք. Գրիգորյանի մահից հետո «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանի կողմից հրապարակվել են նրա վերաբերյալ բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, իսկ վարույթն իրականացնող մարմինը ներկայացված հաղորդման հիման վրա կայացված որոշմամբ գտել է, որ դա կատարվել է մասնագիտական և ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, այն է՝ այլ անձանց «ՄԻԱՎ» հիվանդությունով վարակելու ռիսկը կանխելու նպատակով:
Տ. Սիրադեղյանը նշեց, որ բողոքարկվող որոշումը չի բխում գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության ապահովման պահանջներից, անհիմն է և ենթակա է վերացման: Վերջինս ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ վարույթն իրականացնող մարմինը կայացված որոշմամբ անդրադարձել է միայն ՄԻԱՎ վարակակիր լինելու մասով բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման հանցակազմի բացակայությանը, չնայած այն հանգամանքին, որ թմրամոլությունը ևս հիվանդություն է, հետևաբար՝ դրա մասին տեղեկությունների հրապարակումը ևս բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակում է:
Հիմնավորումներ ներկայացվեցին նաև ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին տեղեկությունները, մասնագիտական և ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, հրապարակելու մասով հանցակազմի առկայության վերաբերյալ:
Այդպիսով՝ Կազմակերպության ներկայացուցիչը խնդրեց վերացնել ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանի՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշումը:
Բողոքի քննությունը հետաձգեց՝ դատական նիստերի դահլիճում մեկ այլ գործով նախապես դատական նիստ նշանակված լինելու պատճառով:
Բողոքի քննությունը կշարունակվի 2017 թ. փետրվարի 9-ին՝ ժամը 16:30-ին:
Տես նաև՝ aravot.am