Քաղաքական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. Արթուր Սաքունց
11:22, February 23, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյն, որ քաղաքական դաշտը վերացած է և դրա մասին բազմիցս բարձրաձայնում էր, արդեն հանրության համար պարզ դարձավ. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ ընդդիմության տեղը թափուր չի մնա։
«Քաղաքական դաշտ չկար, ուղղակի հիմա միայն բացահայտվեց այդ քաղաքական դաշտի բուն էությունը, որի մասին քիչ մարդիկ էին ասում, որ քրեաօլիգարխիկ համակարգ է»,- ասաց նա։
Արթուր Սաքունցը համաձայն է, որ մի ստվար զանգված կար, որը հավատում էր այլընտրանքային ուժ համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որոնք, ըստ նրա, թյուրիմացության մեջ էին ոչ պատշաճ իրազեկվածութան պատճառով։
«Բայց հո ամեն ինչ փողով չե՞ս կարող առնել, կարող ես մի անգամ փողով առնել, երկու անգամ փողով առնել, բայց մշտական փողով առնելու ճանապարհով դու չես կարող ճշմարտությունը թաքցնել»,-ասաց նա։
Արթուր Սաքունցն ընդգծեց, թե հետաքրքիր քաղաքական իրավիճակ է ստեղծվել. «Փաստորեն, այսպես կոչված քաղաքական համակարգն իրեն դրեց մարգինալ վիճակում, այսինքն՝ օրենքից դուրս, հիմա խնդիրն այն է, որ օրենքի դաշտում ստեղծեն քաղաքական կառույցներ»։
Ըստ նրա՝ ընդդիմության սուրբ տեղը թափուր չի մնա. «Վստահ եղեք»,-ասաց նա։
Հարցին, թե չի՞ կարծում, որ այդուհանդերձ հիասթափության ալիք կա, իրավապաշտպանը պատասխանեց. «Իհարկե՛, այն մարդիկ, ովքեր հույսեր ունեին կերակրամանից օգտվելու ԲՀԿ-ի միջոցով, նրանք, բնականաբար, հիասթափվեցին, բայց հասարակության գիտակից մասը, որ ակնկալիք չուներ կոռումպացված համակարգից, նրանք ընդհակառակը՝ հստակ կարողացան հասկանալ, որ գործելու ժամանակն է եղել»։