«Սամվել Բաբայանը հայտնել էր, որ իշխանությունները կստանան համարժեք պատասխան»
10:31, March 23, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը միանշանակ քաղաքական հետապնդման փաստ է, որը պայմանավորված է նրա հրապարակային ելույթներով ու գնահատականներով: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ որևէ կերպ հիմնավոր չէ նրա առնչությունը Վրաստանից Հայաստան զինատեսակի ապօրինի ներկրման հետ:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու դեպքը: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 3 անձ, այդ թվում՝ ԼՂՀ Պշատպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
«Նախ, Սամվել Բաբայանը, ունենալով լուրջ փորձառություն, շատ լավ գիտակցում է, որ ինքը գտնվում է հսկողության ներքո և չէր կարող այդ հսկողության ներքո կատարել այնպիսի գործողություններ, որոնք իրեն խոցելի կդարձնեին: Երկրորդ, եթե նա զենք-զինամթերքի անհրաժեշտություն ունենար, ապա այդ զենքը գտնելու բավարար հնարավորություններ ուներ թե Արցախում, թե ՀՀ-ում: Երրորդ, չեմ գտնում, որ Սամվել Բաբայանը նման մեթոդներով խնդիրների լուծման ճանապարհն ընտրեր: Իր նկատմամբ այդ ձերբակալումը հետևեց հրապարակային ելույթներին», ասաց Սաքունցը:
Սամվել Բաբայանը “Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան” դաշինքի համակիր է, օրեր առաջ Ջրառատ գյուղի միջադեպի կապակցությամբ, երբ դաշինքի անդամների և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի կողմնակիցների միջև տեղի էր ունեցել բախում, Սամվել Բաբայանը կոշտ նախազգուշացում էր արել իշխանության հասցեին:
«Ինչ վերաբերում է բռնություններին, որոնք իրականացվել են ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ, ապա Սամվել Բաբայանը հստակ արտահայտվել էր, որ դրանք կստանան պատասխան: Քանի որ Սամվել Բաբայանը հայտնել էր, որ իշխանությունները կստանան համարժեք պատասխան, իսկ իշխանությունը Սամվել Բաբայանին մեղադրում է հրթիռային զենք ձեռք բերելու մեջ, ապա պետք է ենթադրել, որ իշխանությունը հենց Իգլա է պատրաստ գործադրել ընդդիմադիրների նկատմամբ, քանի որ Բաբայանի համարժեք որակումը ընկալել է հենց Իգլայի ձեռքբերման միջոցով», ասաց Սաքունցը: