«Կոմիսիա չկա, քանի որ բժիշկ չկա, ու չգիտենք՝ երբ կլինի». արդեն երկու ամիս հաշմանդամություն ունեցող վանաձորցիները նպաստ չեն ստանում
17:59, March 23, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սոցիալական իրավունքներԱյսօր՝ 2017թ. մարտի 23-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ը և հայտնել, որ նախորդ տարի բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ՝ մեկ տարի ժամկետով, ինչի հիման վրա էլ նշանակվել է հաշմանդամության նպաստ: Բժշկասոցիալական հերթական փորձաքննության ժամկետ է սահմանվել 2017 թ. փետրվարի 26-ը: Նշանակված ժամկետում հերթական փորձաքննություն անցնելու նպատակով Ա. Ղ.-ը դիմել է ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ Վանաձորի տարածքային բաժին և մերժում ստացել: Քաղաքացու փոխանցմամբ՝ բաժնի աշխատակիցները պատճառաբանել են, թե՝ «Կոմիսիա չկա, քանի որ բժիշկ չկա, ու չգիտենք՝ երբ կլինի»:
Մեզ հետ զրույցում Ա. Ղ.-ը հայտնեց, որ համանման իրավիճակում են հայտնվել հաշմանդամություն ունեցող տասնյակ անձինք, նրանք բոլորն էլ արդեն երկու ամիս հաշմանդամության նպաստ չեն ստանում և հայտնի չէ, թե բժշկասոցիալական փորձաքննություն երբ կնշանակվի: