Սահմանադրական դատարանը կքննի ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների դիմումը
18:29, March 23, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սեփականության իրավունքՀՀ Սահմանադրական դատարանը 2018թ. մարտի 12-ի որոշմամբ քննության է ընդունել ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ Արմինե Աթոյանի և բանկում նրա համար երաշխավորություն ներկայացրած անձանց դիմումը՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի` վարկային պայմանագրին վերաբերող 887-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու վերաբերյալ: Դիմումը կքննվի գրավոր ընթացակարգով:
2018 թ. փետրվարի 7-ին դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացրել Ա. Աթոյանի ու նրա երաշխավորների ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
Դեռևս 2013 թվականին դիմումատուների և ՎՏԲ-Հայաստան բանկի միջև կնքվել է վարկային պայմանագիր և երաշխավորության պայմանագրեր, որոնցով սահմանվել են նաև պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ նորմեր:
Պայմանագրերը կնքելիս բանկն օգտվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներից և ժամկետանց վարկի նկատմամբ սահմանել 73 % տոկոսադրույք ու վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցներ:
Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով բանկի հաճախորդների ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը նշել է, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, քանի որ զրկում է անձանց իրենց սեփականությունն իրենց կամքով տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից և հնարավորություն է տալիս վարկային պայմանագրով սահմանել պարտավորությունների չկատարման համար այնպիսի տույժեր, որոնք խախտում են պայմանագրի մյուս կողմի իրավունքները և օրինական շահերը՝ վերջինիս համար առաջացնելով անբարենպաստ հետևանքներ:
Գումարի բռնագանձման պահանջով ՎՏԲ-Հայաստան բանկի հացադիմումի քննության շրջանակում բանկի հետ կնքած վարկային պայմանագրի այս և այլ խնդրահարույց կետերի հիման վրա վարկառուների ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանը 2016 թ. նոյեմբերի 11-ին մերժել է այն ու բավարարել բանկի հայցը:
Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի որոշումը նույնն է թողել, իսկ Վճռաբեկ դատարանը բանկի հաճախորդների վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել:
ՀՀ Սահմանադրական դատարանը դիմումը կքննի 2018 թվականի հունիսի 12-ին: