Ազատ հավաքի մասնակիցների նկատմամբ նոր սահմանափակումներ են մշակվում
14:51, June 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | ՔաղբանտարկյալներՇանթ Հարությունյանի հետ անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը մտավախություն ունի, որ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ առաջադրված մեղադրանքը կարող է վատ նախադեպ դառնալ ազատ հավաքի մասնակիցների համար:
«Առաջին անգամ ոտնձգությունը ոստիկանի նկատմամբ դիտվում է որպես խուլիգանություն: Հանրային միջոցառումների նկատմամբ երբեք քրեական վարույթ իրականացնող մարմինները նման կոնֆլիկտներին նման գնահատականներ չեն տվել: Ըստ խուլիգանության հոդվածի, որը առաջադրվել է այս գործով բոլոր ամբաստանյալների նկատմամբ, ամբաստանյալները իբրեւ թե բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ, բայց նման բան չի եղել, իսկ բռնությունը, որը իբր թե կիրառվել է ոստիկանների նկատմամբ, դիտվում է բռնություն քաղաքացու նկատմամբ: Փաստորեն քաղաքացու ու ոստիկանի միջեւ տարբերությունը վերացված է, նույնացված են: Որեւէ ժողովրդավարական երկրում նման բան չկա»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց փաստաբան Քոչարյանը:
Նրա խոսքով, եթե դատավարությունից հետո մեղադրանքները հաստատվեցին Հայաստանում քաղաքական, հասարակական ակտիվը անցնելու է խուլիգանացման մի փուլ. «Ցանկացած կոնֆլիկտ ոստիկանության հետ բերելու է այդ հոդվածների կիրառմանը, կիրառվելու է որպես ազատ հավաքներ անցկացնելու սահմանափակում»:
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ դժգոհեց, որ ոստիկանները խոչընդոտում են ամբաստանյալների մասնակցությունը դատական նիստերին: Նրա պատմելով, նախորդ դատական նիստին նույնիսկ ամբաստանյալների հարազատները չկարողացան մտնել նիստերի դահլիճ. «Մուտքերը փակված էին մինչեւ դատական նիստը… Հրապարակայանության խախտում եմ համարում, մուտքը փակ է, փակ մուտքից առաջ էլ պատնեշ է դրված, քաղաքացին իրավունք չունի մտնել դատարանի շենք, սա արդեն խնդիր եմ համարում»:
Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ ասաց, որ իշխանությունները պետք է ապահովեն հասարակության մասնակցությունը այս գործին. «Մեր պահանջն է՝ նորմալ պայմաններ ապահովել դատավարության մասնակիցների համար, պաշտպանը պետք է ունենա սեղան, նստի պաշտպանյալի հետ, կարողանա շփվել նրա հետ… ինչու դատարանը չի ապահովում, ավելի մեծ դահլիճ ապահովելու համար քայլեր չեն ձեռնարկվում, հուսով ենք՝ միտումնավոր չէ»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն էլ «ռեժիմի ապօրինի գործողությունների դրսեւորման շարունակություն» որակեց Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների դատավարության անցկացումը. «Անհիմն է նման պայմաններում դատական գործընթացի անցկացումը նման սահմանափակ հնարավորություններով: Պնդում եմ՝ հրապարակայանության սահմանափակում է, երբ քաղաքացիների եւ լրատվամիջոցների համար ոչ պատշաճ ու միտումնավոր նման պայմաններով են անցկացնում դատական գործընթացը: Այդ կերպ էլ փորձում են դրսեւորել իրենց կանխակալ վերաբերմունքը Շանթի ու նրա համախոհների գործողությունների նկատմամբ»: Նրա խոսքով, հաջորդ դատական նիստին մեծ թափով կհավաքվեն դատարանի դիմաց, նա չբացառեց, որ քաղաքական բանտարկյալները կբոյկոտեն նիստերը, մինչեւ չապահովվեն նորմալ պայմաններ:
Աղբյուրը՝ www.aravot.am