«Պուտինի իշխանությանն ավելի հոգեհարազատ էր Սերժ Սարգսյանի իշխանությունը». Արթուր Սաքունց
23:31, July 21, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՓանիկի դեպքերի պատճառը նախևառաջ անպատժելիության մթնոլորտն է: Այս մասին «Առանցքում» հաղորդաշարի շրջանակներում ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղի սկզբնամասում Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողների զորավարժանքներին՝ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա դիտարկմամբ՝ եթե ռազմաբազայի հետ կապված մյուս դեպքերում, մասնավորապես, Պերմյակովի դեպքում, Վահրամաբերդի զորավարժությունների ժամանակ, երբ 2 երեխա զոհվեցին, պատասխանատվություն կրեին, չէր լինի նաև Փանիկի դեպքը: Խոսքը չի վերաբերում միայն սլաքավարներին, սովորական զինծառայողներին, խոսքը վերաբերում է նաև հրամանատարների պատասխանատվության հարցին:
«Վստահ եղեք, որ զինվորն առանց հրամանի գործողություն չի կատարի, առանց հրամանատարի իմացության գործողություն չի կատարի, կամ պետք է ենթադրել, որ ռուսական բազայի զինվորական հրամանատարությունն իր տեղում չէ, և պարբերաբար իր տեղում չէ: Սակայն անգործությունը ևս քրեորեն հետապնդելի արարք է»,- ասաց Ա. Սաքունցը: Նրա դիտարկմամբ՝ նախորդ իշխանությունները լեգիտիմություն չունեին նման հարց բարձրացնելու: