Ի՞նչ եք առաջարկում. նորից բազեականնե՞ր, նեոՀՀԿ-ականնե՞ր՝ սպիտակ վերնաշապիկներով, բերել արենա
18:53, July 23, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄամուլի հրապարակումների համաձայն՝ առաջիկա ԱԺ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ համամասնական ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, իսկ «Հանրապետությունը» և «Լուսավոր Հայաստանը» միասին կարող են հավակնել 30 տոկոսի։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ քաղհասարակությունը ևս պետության ռեսուրսներից է, և սերնդափոխությունը օդից չի կարող լինել։
«Մելիք-Ադամյանով չանցած կադրային ռեսուրսների մեծ մասը քաղհասարակությունում է։ Ի՞նչ եք առաջարկում՝ որտեղի՞ց բերենք, նորից բազեականնե՞ր, նեոՀՀԿ-ականնե՞ր՝ սպիտակ վերնաշապիկներով, բերել արենա, որոնք ծպտյալ կամ հրապարակավ Մելիք-Ադամյանի կադրերն էին, թե՞ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի ներկայացուցիցչներին ներկայացնենք ցուցակներում»,- հարցադրում արեց Սաքունցը և հավելեց՝ քաղաքացիական հասարակությունը շատ ավելի հարուստ է, քան կարելի է պատկերացնել. «Քաղհասարակության ռեսուրսները կբավականացնեն և՛ քաղհասարակության գործառույթները իրականացնելու, և՛ թարմացնելու քաղաքական դաշտը նոր, թարմ, կրեատիվ, ստեղծարար, առողջ, ազնիվ մարդկանցով»։
Ըստ Սաքունցի՝ այլընտրանք չկա՝ քաղաքական համակարգը ոչնչացված էր, քաղաքական կառույցները բոլորը մեծ առումով հպատակեցված էին իշխանությանը, և մտքի մրցակցություն չկար, հարմարվելու միտում էր միայն։ «Եթե իրենք միայն հարմարվողական կադրեր են պատրաստել, և չհարմարվողները գտնվում են քաղաքացիական դաշտում, ապա քաղաքական համակարգի թարմացումը առանց նոր դեմքերի, չհարմարվող, համարձակ դեմքերի, լուսավոր դեմքերի՝ հնարավոր չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Սաքունցը կոչ արեց չմտահոգվել, քանի որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները՝ հանձինս հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների, բավարար ռեսուրսներ ունեն իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու։ «Թող մտահոգվի Հանրապետական կուսակցությունը, թող մտահոգվեն ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և իրենց արբանյակները, որ քաղաքական համակարգն ամբողջությամբ ոչնչացրին։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտները՝ ի դեմս ՀԿ-ների, կադրերի դարբնոց են, այնտեղ իրենք մասնագիտացած են ըստ իրենց շահառուների խնդիրների։ Այդ աշխատանքը չի արվել քաղաքական կուսակցությունների շրջանակում։ Քաղաքացիական հասարակություններն էլ են բազմազան, մի մասը քաղաքական կուսակցություններին կից են, փուչ, անբովանդակ, որը մենք տեսնում ենք ընտրություններին դիտորդություն կատարելու ժամանակ։ Վերջին ընտրություններում 28 հազար դիտորդ կար. որտեղի՞ց հայտնվեցին, ի՞նչ դիտորդներ էին։ Խոսքը դրանց մասին չէ։ Ամեն ընտրությունների ժամանակ տեսնում էիք, թե ինչքան հասարակական կազմակերպություններ էին հանդես գալիս ու սատարում այս կամ այն թեկնածուին։ Իսկ մենք միշտ հանդես ենք եկել իշխանության քննադատողի դերում, հիմա էլ ենք շարունակելու»,- մանրամասնեց Արթուր Սաքունցը և շեշտեց՝ իրենք կան ու միշտ լինելու են քաղհասարակության ներկայացուցիչ, ու կադրերի հեռանալով՝ իրենք չեն աղքատանա, նոր մարդկանց կներգրավեն: Այլ մեխանիզմ չկա, պետական ապարատը անկախ, առաջադեմ կադրեր չի պատրաստել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ քաղաքական կլեշեներով չի կարելի դատել՝ ում շատ են պրոպագանդում, նա է քաղաքական գործիչ. «Երիտասարդներ կան, որոնք հազար գլուխ բարձր են, ուղղակի տեսանելի չեն կամ ցույց չեն տրվել։ Մեր կազմակերպությունից առնվազն 5 հոգի կարող է հավակնել ԱԺ պատգամավորի, բայց դրանից կազմակերպությունը չի տուժելու, որովհետև մենք ունենք «շկոլա», նրանց փոխարինողներ կան ներսում»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նույն թեմայի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ օրինակ բերեց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին, որը քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ է և բավական պրոդուկտիվ։
Սակայն Իոաննիսյանը վստահ չէ, որ նույնը կարելի է ասել Ազգային ժողովի մասով. «Ազգային ժողովը դառնալու է մարդկանց հիմնական աշխատանքի վայրը, դա համատեղելի չէ։ Մարդ չի կարող լինել և՛ հասարակական կազմակերպությունում, և՛ ԱԺ պատգամավոր»։
Դանիել Իոաննիսյանը նորմալ է համարում այսպիսի մտադրությունը, բայց կոնկրետ իր մասով վստահեցրեց, որ, այսպես ասած, իշխանության մաս չի դառնալու զուտ ժամանակի սղության պատճառով. «Քաղաքային ավագանին խորհրդարան չէ, նորմալ է, որ դրանում հավաքվեն հայտնի, նորմալ դեմքեր։ Ես թեթև եմ տանում»։