24 տարի առաջ այս օրը ընդունվեց հայոց ամբարված երազանքների փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը
09:52, August 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ600 տարուց ավելի անկախություն չունենալուց հետո ուղիղ 24 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը»:
Սրանով սկիզբ դրվեց անկախության գործընթացին. Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն կամ՝ Հայաստան:
ՀՀ անկախության իրավական հիմք ընդունվեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։
Խորհրդային նախկին հանրապետության անկախության ձեռքբերման հաջորդ փուլով` 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեով , (մասնակիցների 94,99 %-ը «այո» ասաց Հայաստանի անկախությանը) այս գործընթացն ավարտվեց:
ՀՀ-ն դարձավ միջազգային իրավունքի ենթակա (Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ, որի ողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները), ունեցավ պետականությանը հարիր խորդանիշներ՝ պետական դրոշ, օրհներգ, զինանշան ստեղծեց ազգային կառույցներ( ՀՀ-ն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծեց Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ), օրենսդրություն, իսկ հետագա տարիներին անդամակցեց միջազգային տարբեր կառույցների:
Անկախության հռչակագիրը (ի դեպ, հռչակագրի նախագծի Արամ Մանուկյանի անձնական օրինակը, որը մակագրված էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մեքենայից գողացել են, իսկ բնօրինակը պահվում է Պատմության թանգարանում) Գերագույն Խորհրդում և Ազատության հրապարակում՝ ժողովրդի առաջ կարդացած Արամ Մանուկյանը վերհիշելով 24 տարվա վաղեմության դեպքերը, մթնոլորտը որակեց «աստվածային», «հեքիաթային» բառերով:
«Անբացատրելի ոգևորություն և՛ դահլիճում, և՛ դահլիճից դուրս, այդ օրը Խորհրդարանում Անկախության հռչակագրի կարդալուց հետո ժողովուրդը ինքնուրույն, էսօրվա բառերով՝ ինքնաբուխ տասնյակ հազարներով հավաքվել էր Ազատության հրապարակում, և Վանո Սիրադեղյանը ինձ զանգեց, ասեց՝ ժողովուրդը հավաքել է Օպերայում, արի կարդա ժողովրդի համար, քանի որ էն ժամանակ տրանսլացիա չկար: Դա տոնախմբություն էր, տոնախմբությունը, որ լցված էր սիրով, պատասխանատվությամբ, հավատով, հումանիզմով, լրիվ ուրիշ մթնոլորտ, որովհետև այդ փաստաթուղթը դարերի երազանքի կատարում էր, հավաքական երազանքի ամբարված փաստաթուղթ էր »,- վերհիշեց Արամ Մանուկյանը:
Նրա կարծիքով՝ այդ փաստաթուղթը մեր պատմության մեջ կմնա որպես գլխավոր, իդեալական, գեղեցիկ, իրատեսական ծրագրային հզոր փաստաթուղթ:
Արամ Մանուկյանը շնորհավորում է Անկախության օրվա առթիվ և ցավով նշում, որ ՀՀ-ն այսօր որպես ինքնիշխան պետություն չունի անկախության այն ծավալն ու պաշարը, որ ուներ սկզբում: «Որովհետև անկախ լինելու համար մի քանի բան է անհրաժեշտ, անկախությունը նախ հասկանալու բան է, ինչ դժվարություններ կան, ինչ մարտահրավերներ, ինչ ռիսկեր, հետո՝ սիրելու բան է: Առանց սիրելու չես կարող անկախության տեր լինել, պիտի հոգաս, պիտի փայփայես»,- ասաց Արամ Մանուկյանը։
Ըստ Արամ Մանուկյանի՝ անկախությունը կարող է սիրել ազատ ու համարձակ մարդը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեց, որ 24 տարի առաջ Անկախության հռչակագիրը ընթերցվում էր բոլորովին այլ մթնոլորտում, բոլորովին այլ հասարակական իրավիճակում, բոլորովին այլ ակնկալիքներով:
«Կար այն գիտակցումը, որ գործընթացները, որոնք տեղի են ունենում դեռևս ԽՍՀՄ-ի օրոք, հոգեվարքի ժամանակ, բայց մարդկանց մեջ կար ազատության և ազատության ձգտման զգացում: Ցավոք սրտի, ժամանակի ընթացքում այդ ազատության զգացումը, որը նաև պատասխանատվություն է ենթադրում, առաջին հերթին՝ առանց որևէ մեկի վրա հենվելու, քո կյանքը, երկիրը կառուցելու ձգտումը, սկսեց նվազել։ Եվ վերստին հիմնական կարևոր նշանակություն ունեցող հարցերի լուծումը կապում են ՀԱՊԿ-ի հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, կամ տնտեսական ոլորտում՝ «Գույք պարտք դիմաց»-ի միջոցով»,- ասաց նա։
Այսինքն՝ ըստ Սաքունցի հատկապես 98 թվականից հետո տեղի ունեցավ ազատության գաղափարի մետամորֆոզ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում, շատ ակնառու երևաց դրա վերացական լինելը:
«Եվ նորից ունենք նույն խնդիրները, ինչ ունեինք 24 տարի առաջ, բայց ավելի վատ վիճակում, որովհետև կա հիասթափություն և կա անորոշություն»,- նշեց իրավապաշտպանը:
Նա ցավով նշեց, որ անկախության ժամանակ երկիրը չի կարող ունենալ քաղբանտարկյալներ, որը կար ԽՍՀՄ գաղութացման օրոք: «Քաղբանտարկյալներ, որոնք արդեն ոչ թե ներքաղաքական իրադարձությունների կամ զարգացումների հետևանք են, այլ քաղբանտարկյալներ, որոնք հենց հանդիսանում են անկախության կրողները՝ Շանթ Հարությունյան, Վոլոդյա Ավետիսյան»,- ասաց նա։
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ, խորհրդային տարիների արգելված և հետապնդվող «Ազգային միացյալ կուսակցության» համահիմնադիրներից Պարույր Հայրիկյանը, ի պատասխան հարցի, թե անկախության այդ սերունդը գիտակցում էր, թե ինչ ճանապարհ ունի անցնելու, ներկայացրեց մթնոլորտը, որը նախորդել էր Հայաստանի անկախությանը: Ըստ այդմ՝ քաղաքական էլիտայի մեծամասնությունը, անկախությանը անպատրաստ կամ դրա հանդեպ անտարբեր մարդիկ էին, որոնք չեն կարող մի քանի օրվա մեջ պատրաստ լինել, բայց կար սերունդների երազանք և պատմական պահ:
«Հետևաբար, էս մարդիկ հասկանում էին (նկատի ունի այն ժամանակ իշխող՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը և հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին-Tert.am), որ իրենց պարտականությունը պիտի կատարեն, թե ինչ պատասխանատվություն էր դրանից հետևում, ցավոք, դա բացասական իմաստով էր ընկալվում: Այսինքն՝ անկախանա՞լ, թե՞ չանկախանալ, անկախությանը կողմը ըլլալով, բայց անջատումին դեմ ըլլալ, և այլն: Եվ այդ սերունդը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ պատրաստ չէր, որովհետև նրանց կոմունիստական դաստիարակները դաստիարակել էին Ռուսական կայսրության համար: Եվ իրենց մեղքն էլ չէր, որ պատրաստ չէին: Եվ ամենապատրաստված դեմքը նա էր, ում արտաքսեցին (նկատի ունի իրեն- Tert.am), քանի որ հասկանում էին, որ փորձառու մարդիկ լուրջ վտանգ են ներկայացնում: Եվ, կրկնում եմ, նրանք պատրաստ չէին ու պետք է մեղադրել մի բանի համար, որ պատրաստ չէին ու դրանով հանդերձ փորձում էին իրավիճակը հարմարեցնել իրենց չիմացությանը կամ տգիտությանը»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա հայտարարեց, որ Անկախության հանրաքվեն իրականում ստացել է ոչ թե 95 տոկոս «կողմ» ձայներ, այլ՝ 86: Այսինքն՝ Անկախության հանրաքվեն ևս, ըստ Պարույր Հայրիկյանի, պահին համապատասխան մի փոքր կեղծվել է։
Նա անկախության հիմնական ձեռքբերում է համարում այն, որ 1991 թվականին հայ մարդը վերադարձավ իր իրավական կարգավիճակին՝ միջազային իրավունքի և ինքնորոշման հնարավորության ձեռք բերեց, բայց այդ գաղափարն էլ, ըստ ԱԻՄ առաջնորդի, ժամանակի ընթացքում այլասերվեց:
«Մեր հակառակորդները, ովքեր ժամանակին մեր անկախությունն էին խլել և հիմա էլ ուզում են ենթակայացնել իրենց, գործակալական ցանցով հեղեղեցին մեր քաղաքական դաշտը, և արդյունքում այսօր մեր 70 կուսակցություններից 69-ը ԿԳԲ-ի գործակալներն են: Միայն ԱԻՄ-ն է, որ հստակ գործում է իշխանության դեմ սեպտեմբերի 3-ից որպես քաղաքական ուժ՝ միտված լինելով դեպի Եվրոպական ուղղություն, որովհետև քաղաքակրթություն մեկ արժեքային համակարգ գոյություն ունի: Եթե այս համակարգը չենք ընդունում, ուրեմն ընդունում ենք նահանջողական ճանապարհը՝ դա պուտինիզմն է: Երանի թե գրանցումով գործակալ չլինեին, այլ ազդեցության գործակալներ, բայց էս իրավիճակում հուսահատվել պետք չէ, երբ «Անկախություն» թերթը հրատարակում էի, ընդամենը 200 անկախական կար»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:
Արթուր Սաքունցը ևս կարծում է, որ վիճակն այդքան էլ անմխիթար չէ, որովհետև այս տարիներին մի սերունդ է ձևավորվել, որի համար, այնուամենայնիվ, ինքնուրույնությունն, անկախությունն ու ազատությունը այնպիսի արժեքներ են, որոնցից բարձ որևէ այլ արժեք չկա:
Աղբյուրը՝ www.tert.am