Շանթ Հարությունյանն իր կողմնակիցներին կոչ արեց ներկա գտնվել դատավճռի հրապարակմանը
10:57, August 23, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2014թ. օգոստոսի 22-ին ՀՀԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Մարտիրոսյանի, շարունակվեց 2013թ.նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը:
Սույն դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալներ Ալբերտ Մարգարյանի, Միսաք Առաքելյանի և Վահե Մկրտչյանի շահերի պատշպան Հովհաննես Քոչարյանը, ում պաշտպանյալների համաձայնությամբ այս դատական նիստին նրանց պաշտպանությունն ստանձնեց նույն գործով ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանը: Մինչ դատական նիստի մեկնարկը ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանը նախագահող դատավորի թույլտվությամբ դատական նիստերի դահլիճում գտնվող իր կնոջը փոխանցեց քրեակատարողական հիմնարկում իր ձեռքով պատրաստված վարդ:
2014թ. օգոստոսի 22-ի դատական նիստին դատարանն անցավ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հետազոտման փուլին, որի շրջանակներում գործով մեղադրող Գ. Գևորգյանը հրապարակեց մեղադրանքի հիմնավորման համար հիմք հանդիսացած ապացույցները:
Ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերի հետազոտմանը: Մեղադրանքի կողմը միջնորդեց հրապարակել 2013թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության գործողությունների մասով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Վերջինս վերաբերում էր ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի կողմից սույն գործով ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ոստիկանության բաժնում կիրառված բռնություններին: Գործով ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պատշպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ ոստիկանության գործողությունների մասով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանն օրինական ուժի մեջ է թողել ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը: Արա Զաքարյանը հայտնեց, որ դատարանի հիշյալ որոշումը չի բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հույս ունենալով, որ երթի մասնակիցներին առաջադրված մեղադրանքով գործի դատաքննության ընթացքում կպարզվեն դեպքի իրական հանգամանքները, ավելին, նշեց, որ սույն գործով դատաքննության փուլում արդեն իսկ հետազոտված բազմաթիվ փաստեր հակասում են այդ որոշմամբ հաստատված փաստերին: Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հավելեց, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալների նկատմամբ կիրառվել է բռնություն, ինչի ազդեցության տակ վերջիններս հրաժարվել են բացատրություններ տալ:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալների մի մասը բարձրացրեցին իրեղեն ապացույց չհանդիսացող իրենց իրերի վերադարձման հարցը, և նախագահող դատավորն առաջարկեց այդ հարցով դիմել վարույթն իրականացրած նախաքննական մարմնին:
Դատական քննության ընթացքում ամբաստանյալ Վարդան Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ նախորդ դատական նիստի ընթացքում իր կողմից կատարված հայտարարությունից հետո իր և իր ընտանիքի նկատմամբ ճնշումները խստացել են: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստի ընթացքում՝ 2014թ. օգոստոսի 15-ին, Վարդան Վարդանյանը հայտարարել էր, որ 2013թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի կողմից ծեծի է ենթարկվել ոստիկանության մի շարք այլ աշխատակիցների ներկայությամբ: Սույն դատական նիստին Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ նշված հայտարարությունից հետո մի խումբ ոստիկաններ գնացել են իրենց շենք, հարևաններից հետաքրքրվել են իր ընտանիքի անդամների մասին, հետաքրքրվել են նաև հարազատների, ծնողների մասին, իսկ ԼՂՀ-ում ծառայող իր որդուն՝ ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյանին սպառնացել են «թե չես կարողանում այնպես անել, որ հայրդ անուններ չտա»: Վարդան Վարդանյանն իր հայտարարությամբ հիշեցրեց իշխանություններին, որ «1937 թվականը չէ, իրենք էլ Ստալինն ու Բերյան չեն», համոզվածություն հայտնեց, որ իր հայտարարության հիման վրա ոչ մի բան չի լինելու: Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա օր ու մեջ գնացել են քրեակատարողական հիմնարկ և պահանջել, որ հրաժարվի բողոքից: Այնուհետև, Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանն իրենց խոսքում նշեցին, որ կիրառված բռնությունների և ճնշումների մասին դատարանում հայտարարում են իրենց հետագա գործողություններն արդարացնելու համար, որոնց պատասխանատվությունը պետք է կրեն ՀՀ իշխանությունները:
Շանթ Հարությունյանն իր հայտարարությամբ հայտնեց, որ ոստիկանության բաժնում ՀՀ ոստիկանության պետի աչքերում վախ է տեսել և հորդորեց իրենց համախոհներին ներկա գտնվել սույն գործով դատավճռի հրապարակմանը, քանի որ իրենք կարող է հենց այդ դահլիճից սկսեն իրենց հեղափոխությունը: Այս հայտարարությանն ի պատասխան նախագահող դատավորն ասաց, որ Շանթ Հարությունյանն անկարգությունների կոչեր է անում և հետաձգեց դատական նիստ՝ թույլ չտալով մյուս ամբաստանյալներին հանդես գալ հայտարարություններով:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թ. օգոստոսի 23-ին, ժամը 12:00-ին: