Քաղբանտարկյալների գործով հնչեցին փաստաբանների ճառերը
17:47, September 23, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2014 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանիդատարանում շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին սկսվեց դատական վիճաբանությունների փուլը, և մեղադրական ճառով հանդես եկավ գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը:
Սույն դատական նիստի ընթացքում սկսվեց գործով ներգրավված պաշտպանների պաշտպանական ճառերի հրապարակումը: Դատական նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես եկան Հովհաննես Քոչարյանը, Ռուզաննա Հովհաննիսյանը և Ինեսսա Պետրոսյանը:
Պաշտպանական ճառով առաջինը հանդես եկավ ամբաստանյալներ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի և Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը: Վերջինս հայտնեց, որ մեղադրողի ճառը լսելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ սույն գործով դատաքննություն չի եղել: Պաշտպանը, վկայակոչելով մի շարք իրավական նորմեր և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, նշեց, որ կատարված արարքում չկա խուլիգանության հանցակազմը, բացի այդ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ներկայացվել ապացույցներ, որոնք հիմնավորում են հասարակության նկատմամբ դրսևորած բացահայտ անհարգալից վերաբերմունքը: Ինչ վերաբերում է իր պաշտպանյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքին՝ Հ. Քոչարյանը նշեց, որ այդ հանցակազմի օբյեկտիվ հատկանիշ է ոստիկաննների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելը: Մինչդեռ, որպես օպերատիվ աշխատակից ներգրավված վեց ոստիկանները հարցաքննության ընթացքում հայտնել են, որ գործել են գաղտնի հրամաներով, իսկ դրանցով կարգավորվում է միայն օպերատիվ գործունեությունը: Սակայն դեպքի վայրում չկան համապատասխան ապացույցներ այն մասին, որ նրանք իրականացրել են օպերատիվ գործունեություն: Պաշտպանը նշեց, որ եթե հիշյալ ոստիկանները ներգրավվել են հասարակական անվտանգության ապահովման համար, ապա պետք է պահպանվեր «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջը, այն է՝ հասարակական կարգը պաշտպանելիս կրել սահմանված ձևի համազգեստ: Ընդ որում, պաշտպանը նշեց, որ նշված հոդվածում համապատասխան փոփոխությունը կատարվել է 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո:
Պաշտպանը վկայակոչեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, որոնք խախտվել էին ոստիկանության աշխատակիցների կողմից, այնուհետև նշեց, որ իր պաշտպանյալները և գործով մյուս ամբաստանյալները գործել են ինքնապաշտպանության նկատառումներով, և պետք է հաշվի առնվեր նրանց կողմից արարքն անհրաժեշտ պաշտպանությամբ կատարելու հանգամանքը, որի դեպքում նրանց մեղադրանք կառաջադրվեր անձի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառաելու կամ ծեծի համար: Հ. Քոչարյանը, դիմելով դատարանին, նշեց, որ սույն գործով իրական դատական ակտ կկայացվի, եթե գնահատական տրվի բոլոր գործողություններին և խնդրեց իր պաշտպանյալներին ճանաչել և հռչակել անմեղ:
Ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանն իր ճառում չանդրադարձավ գործի փաստական հանգամանքներին, ապացույցներին և դրանց նշանակությանը, քանի որ իր պաշտպանյալը նախորդ դատական նիստին ընդունել էր մեղքը: Ռ. Հովհաննիսյանը դատարանին ներկայացրեց Մկրտիչ Հովհաննիսյանի դրական բնութագրերը՝ տրված բուհի և համագյուղացիների կողմից, նշեց, որ Մկրտիչ Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել կատարված արարքում, առողջական խնդիրներ ունի, չունի դատվածություն, որոնք պետք է դիտվեն որպես մեղմացուցիչ հանգամանքներ: Այդպիսով, պաշտպանը խնդրեց ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով՝ պատիժը պայմանականորեն չկիրառել և Մկրտիչ Հովհաննիսյանին ազատել դատարանի դահլիճից:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Ինեսսա Պետրոսյանը, ով սույն գործով հանդիսանում է Շանթ և Շահեն Հարությունյանների և Վարդան Վարդանյանի պաշտպանը: Պաշտպանն իր ճառում նշեց, որ ակնհայտ է, որ գործով նախաքննությունն ընթացել է միակողմանիորեն, հիմնվել է միայն գործով տուժող ճանաչված և որպես վկա ներգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա: Պաշտպանը մանրամասնորեն ներկայացրեց գործի իրական փաստերը, որոնք հաստատվեցին դատարանում, ևս մեկ անգամ նշեց, որ ձերբակալումից հետո իր պաշտպանյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ և բռնություն, իսկ Շահեն Հարությունյանը ենթարկվել է հոգեբանական ճնշումների, մասնավորապես, նրան հայտնել են, որ իր հայրը և նրա ընկերներն այլևս չկան: Ի սկզբանե Շանթ Հարությունյանը ենթարկվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության և շուրջ 20 օր գտնվել հոգեբուժական հիմնարկում: Փաստաբանը նշեց, որ այդ կերպ իշխանությունները ցանկանում էին Շանթ Հարությունյանին հասարակությանը ներկայացնել որպես հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորության, որը նրանց չհաջողվեց: Ամենասկզբից ընտրվել էին հոգեբանական ճնշումների այլ ձևեր, մասնավորապես սահմանափակվել է գործով բոլոր մեղադրյալների տեսակցություններ և հեռախոսազանգեր ունենալու իրավունքը: Իր բողոքի ձայնը հասցնելու համար Շանթ Հարությունյանը շուրջ 17 օր գտնվել է հացադուլի մեջ, որից հետո տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Ի. Պետրոսյանը վկայակոչեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, որոնք խախտվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները պարտավոր էին առնվազն երկու անգամ բարձրախոսով զգուշացնել երթի մասնակիցներին երթը դադարեցնելու մասին, մինչդեռ, օրենքի այդ պահանջը չի կատարվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Բացի այդ, պաշտպանը նշեց, որ ոստիկանության աշխատակիցների վկայակոչած «միլիցա է խփեք» արտահայտությունն իրականում չի կատարվել, ինչն ապացուցվեց նաև դատաքննության ընթացքում հետազոտված տեսաձայնագրությամբ:
Անդրադառնալով Շահեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին՝ պաշտպան Ի. Պետրոսյանը նշեց, որ Շահեն Հարությունյանը ոստիկանության աշխատակցին բարձրախոսով հարվածել է, երբ փորձել է փրկել հորը, ում գետնին էին գցել ու ծեծում էին ոստիկանության աշխատակիցները: Ամիսներ շարունակ Շահեն Հարությունյանին որևէ մեղադրանք չէր առաջադրվել, քանի որ տարիքի հետ կապված լուրջ խնդիր կար, ի վերջո վարույթն իրականացնող մարմնի մտորումները բերեցին նրան, որ նրան կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել՝ անօրինական մեղադրանք առաջադրելով: Սակայն պաշտպանը նշեց, որ Շահեն Հարությունյանը խուլիգանություն չի կատարել, այլ փորձել է փրկել իր հորը:
Պաշտպան Ի. Պետրոսյանն իր ճառում ներկայացրեց խուլիգանություն հանցակազմի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի տրված դիրքորոշումները, ըստ որի կոնկրետ դեպքում խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքների՝ հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման առկայությունը կամ բացակայությունը գնահատելիս անհրաժեշտ է պարզել խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը, այն է՝ հասարակական կարգը կոպիտ խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցավորի դիտավորությունը, նպատակը: Բացի այդ, խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հանրության հանդեպ, այլև ցանկանում է կատարել այդ գործողությունները:
Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում քննություն չի կատարվել ոստիկանության աշխատակիցների գործողություններին գնահատական տալու համար: Նախաքննության նյութերում չկա որևէ տվյալ, որ երթի մասնակիցները խուլիգանական մղումներ են ունեցել, նրանց նպատակը խաղաղ երթ կատարելն ու կրկին «Ազատության» հրապարակ վերադառնալն էր: Պաշտպանը նշեց, որ խուլիգանության հանցակազմն ընդհանրապես բացակայում է, քանի որ տեսագրության մեջ հստակ երևում է, թե ինչպես է հասարակությունը մեղադրում ոստիկաններին, քննադատական արտահայտություններ կատարում՝ «թուրքե՛ր, այդ ինչ եք անում»: Այսինքն՝ դեպքի վայրում առկա հասարակությունը ոստիկաններին է մեղադրում իրավախախտում կատարելու համար: Պաշտպանը նշեց, որ դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, պետք է վեր հանի օբյեկտիվ ճշմարտությունը՝ թույլ չտալով, որ խաղաղ երթի դուրս եկած անմեղ անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ սադրիչներից պաշտպանվելու համար: Պաշտպան Ի. Պետրոսյանը խնդրեց դատարանին իր պաշտպանյալներին ճանաչել անմեղ:
Սույն գործով մյուս պաշտպանների պաշտպանական ճառերը կներկայացվեն հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա 2014 թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին: