Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի
09:52, September 23, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՙԱվան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ն՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՚ գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մոնիթորինգի շրջանակներում այցելել էր Ավան հոգեկան առողջության կենտրոն: Հաստատությունում բուժվող անձանց հետ զրույցներից մեկի ժամանակ գրասենյակի աշխատակիցները հանդիպել էին ժուլետա Ամարիկյանի հետ, ով պատմել էր հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի մասին:
Մոնիթորինգի արդյունքներն ամփոփվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ… ոչ ոքի համար» զեկույցում, որի մեջ տեղ գտած տեղեկատվությունը Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի կողմից ընդունել է որպես վիրավորանք և զրպարտություն, ինչի հիման վրա էլ հայց է ներկայացվել դատարան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի դեմ: