Գայանե Առուստամյանի գործով նախնական դատական նիստը հետաձգվեց
15:08, September 23, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղաշարժի ազատություն2015թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, քննության առնվեց ՀՀ Ոստիկանության հայցը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը, ինչպես նաև գործով պատասխանող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Հայցվորի ներկայացուցիչ Ս. Մելիքյանը, ներկայացնելով հայցի առարկան ու հիմքերը, նշեց, որ հայցադիմումը ներկայացվել է Գ. Առուստամյանին հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ կատարող ոստիկանին վիրավորելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ս. Մելիքյանը հայտնեց, որ ոստիկանության ծառայողը սուլիչով փորձել է հրավիրել լուսացույցի կարմիր լուսաազդանշանի դեպքում փողոցն անցնող քաղաքացու ուշադրությունը, երբ մեկ այլ անձ վիրավորական տոնով ասել է իրեն՝ ինչու՞ ես սուլում, ա՛յ էշ: Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ Գ. Առուստամյանը շարունակել է վիրավորական, արժանապատվությունը նվաստացնող վարքագիծ դրսևորել, չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցներին, որի պատճառով կիրառվել է հատուկ միջոց՝ ձեռնաշղթա: Այնուհետև նրան տեղափոխել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Ձեռնաշղթայի խափանման պատճառով հրավիրվել են ԱԻՆ ծառայության աշխատակիցները, այնուհետև՝ շտապօգնության ծառայություն:
Պատասխանողի ներկայացուցիչը, նշելով, որ առարկում է հայցի դեմ ամբողջությամբ, անհրաժեշտ համարեց Դատարանին ներկայացնել գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու պահանջով միջնորդություն: Նա նշեց, որ Գ. Առուստամյանին վերագրվող արարքը պատասխանատվություն է նախատեսում ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելու համար, որը պետք է կապված լինի նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ: Մինչդեռ, ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ և 14-րդ հոդվածները պաշտպանում են անձի արժանապատվությունը և ոչ թե պետական իշխանության ու դրա ներկայացուցիչների արժանապատվությունը՝ անձի ոտնձգություններից՝ միաժամանակ հավելելով, որ որպես անձ, պետական իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ ևս օգտվում է իր արժանապատվության ճանաչման և հարգման իրավունքից, բայց պետք է օգտվի դրանից պաշտպանվելու հավասար միջոցներից, քանզի ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածն արգելում է խտրականությունն՝ ամրագրելով. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև»: Այսպիսով, գտնելով, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14-րդ և 14.1-րդ հոդվածներին, Տ. Սիրադեղյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ նշված հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:
Միաժամանակ, Տ. Սիրադեղյանը Դատարան ներկայացրեց հայցադիմումի պատասխան և նշեց, որ այն կհրապարակի Դատարանի կողմից միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո:
Նախագահող դատավոր Հ. Այվազյանը պատասխանող կողմի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ համարեց հետաձգել նախնական դատական նիստը և նշանակել ևս մեկ նախնական դատական նիստ:
Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց 2015 թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:10-ին:
Տես նաև՝ aravot.am