18 տարեկան լրացած բոլոր տղաներին զորակոչելը նման է ռազմականացված պետության կոնցեպցիային. Արթուր Սաքունց
10:43, October 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դեմ է «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Թևան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթին, որին այսօր Կառավարությունը պետք է եզրակացություն տա:
Նկատենք, որ պատգամավորներն առաջարկել են հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Առաջարկվում է առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ 3 անգամ՝ մինչև 1 տարի ժամանակով: Մինչդեռ ներկայիս օրեսդրությամբ տրվում է 1 անգամ՝ 3 տարի ժամանակով:
Newsline-ի հետ զրույցում Սաքունցը հիշեցրեց, որ 1994-ին՝ պատերազմական տարիներին, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն Ազգային ժողով էր ներկայացրել նմանատիպ փիլիսոփայությամբ օրենքի նախագիծ, որին կոշտ արձագանքել էր ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը:
«Ի դեպ նշեմ, որ այն ժամանակ երկիրը պատերազմական տեսանկյունից շատ ավելի վատ իրավիճակում էր, քան հիմա: Հիշում եմ Բաբկեն Արարքցյանի արձագանքը, որ նման բան անթույլատրելի է, նրա խոսքով՝ կրթության բնագավառը ստորադասվում էր պաշտպանության բնագավառին: Համամիտ եմ և կարծում եմ, որ երիտասարդների մասնագիտացումը պետք է լինի ոչ միայն ռազմական, այլ նաև ներառի կրթական այլ բնագավառներ»,- նկատեց Սաքունցը:
Նրա խոսքով՝ նման մոտեցումներն ավելի շատ նման են ռազմականացված պետության կոնցեպցիային: Իրավապաշտպանի կարծիքով՝ այն մոտեցումը, թե նման օրինագիծը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, անհիմն է:
«Փոխանակ պայքարել կոռուպցիայի դրսևորումների դեմ՝ պայքարում են հետևանքների դեմ: Մյուս կողմից՝ նման մոտեցումը հիմնված է զինված ուժերի լրակազմը համալրելու փիլիսոփայությամբ: Ցավալի է, որ հենց «Ժառանգության» պատգավորներն են առաջ քաշել նման նախաձեռնություն, քանի որ խոսվում է ոչ թե համակարգային լուծման, այլ հատվածային՝ սպասարկելով պաշտպանության գերատեսչության շահերը: Փոխանակ պայքարել արտագաղթի դեմ, ինչի հետւևանքով էլ լրակազմը լրացնելու խնդիր է առաջանում՝ փորձում են մեղմել հետևանքները»,- եզրափակեց Սաքունը՝ նշելով, որ նման մոտեցումն անթույլատրելի է:
Աղբյուրը՝ newsline.am